Բրիտանական AstraZeneca դեղագործական ընկերությունը հայտարարել է, որ Իտալիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի և Նիդեռլանդների հետ պայմանագիր է ստորագրել՝ Եվրոպային կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ մատակարարելու նպատակով, որը կսկսի իրականացնել 2020-ի վերջին: Թեմային է անդրադարձել Reuters գործակալությունը:
Պայմանագիրը կնքվել է պատվաստանյութի 400 միլիոն դեղաչափի համար, որը մշակվել է Օքսֆորդի համալսարանում: Դեղագործական ընկերությունը հայտնել է, որ մտադիր է ընդլայնել պատվաստանյութի արտադրության ծավալները: Ընկերությունը հույս ունի պատվաստանյութը հնարավորինս արագ ու շատ տարածել:
Իտալիայի առողջապահության նախարարը հայտարարել է, որ պատվաստանյութի փորձարկման փուլն ակնկալվում է ավարտել աշնանը:
AstraZeneca-ն մտադիր է պատվաստանյութի արտադրությունը հասցնել մինչև 2 միլիարդ դեղաչափի: Զանգվածային արտադրությունը կիրականացվի Բիլ Գեյթսի աջակցությամբ ու Միացյալ Նահանգների կառավարության հետ կնքված 1.2 միլիարդ դոլարի համաձայնագրով: