Պետական աջակցության 17-րդ միջոցառման շրջանակներում մրցույթում հաղթած բարձր տեխնոլոգիական ընկերություններին կտրամադրվեն դրամաշնորհներ։ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը Ֆեյսբուքի ուղիղ եթերով տեղեկացրեց, որ տեխնոլոգիական համայնքը պարտադիր պետք է ուսումնասիրի և դիմի այդ միջոցառմանը։ Ասաց՝ նրանք, որոնք ունեն նոր գրանցած ընկերություններ կամ արդեն գործունեություն են ծավալում, ուսումնասիրեն, դիմեն և իրենց բիզնեսի ընդլայնման համար ստանան դրամաշնորհներ։
Նախարարն ասաց, որ այն ձեռներեցներն ու ինժեներները, որոնք մտածում են այս օրերին ընկերություն հիմնելու կամ ստեղծելու իրենց նոր գաղափարը ֆինանսավորելու մասին, ապա նրանց համար ևս հրաշալի հնարավորություն է, որ գրանցեն ընկերությունները, դիմեն ու ևս ստանան դրամաշնորհներ։ Տեղեկացնենք, որ դրամաշնորհները կտրամադրվեն հետևյալ կերպ՝
1. Մինչև 10 մլն դրամ մինչև 2 տարի ՀՀ-ում գրանցված ընկերությունների համար.
2. Մինչև 20 մլն դրամ՝ 2 տարուց ավելի ՀՀ-ում գրանցված ընկերությունների համար: