ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովը Վարազդատ Կարապետյանի նախագահությամբ հունիսի 12-ին հրավիրած նիստում առաջին ընթերցմամբ քննարկել է Կառավարության հեղինակած՝ «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը: Ըստ ՀՀ շրջակա միջավայրի փոխնախարար Իրինա Ղափլանյանի` օրինագծի ընդունումը բխում է «Շրջակա միջավայրի հարցերի առնչությամբ տեղեկատվության մատչելիության, որոշումների ընդունման գործընթացին հասարակայնության մասնակցության եւ արդարադատության մատչելիության մասին» (Օրհուսի) կոնվենցիայի պահանջից և այլ փաստաթղթերից:
Մի շարք խնդիրներ կարգավորելու նպատակով ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահն առաջարկել է հարցի քվեարկությունը հետաձգել մինչև երկու ամիս ժամկետով: Քննարկման արդյունքում` Կառավարության ներկայացուցիչն ընդունել է առաջարկությունը՝ տեղեկացնում է ԱԺ հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունը: