ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Կարինե Պողոսյանը բարձրացրեց զբաղվածության ծրագրերի արդյունավետության հարցը:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը նշեց, որ շուրջ 62․000 գործազուրկ է գրանցված եղել Զբաղվածության տարածքային կենտրոններում։
Բաթոյանը տեղեկացրեց, որ 2019 թվականին մի քանի նախաձեռնություն են իրականացրել և սկսել են քարտեզագրել այն թափուր աշխատատեղերը, որոնք մասնավոր հատվածում կան, և պարբերաբար թարմացնում են տվյալները։
«Սա հնարավորություն է տալիս քաղաքացիներին, ըստ տարածքների, հասկանալու, թե ինչ թափուր հաստիքներ կան, և ինչպես կարող են դիմել»,- ասաց նախարարը՝ նշելով, որ բարեփոխումներ են իրականացրել, մասնավորապես՝ հաշմանադամություն ուենցող անձանց զբաղվածության հարցում։ «Եթե ծրագիրը չի իրականացվել, կամ մարդն աշխատանքի ընդունվել է, բայց որոշ ժամանակ անց որևէ պատճառով պայմանագիրը խզվել է, հաշմանդամություն ունեցող անձանց դեպքում այդ պայմանը հանել ենք»,- նշեց Բաթոյանը։
Նախարարի խոսքով՝ սոցիալական նպաստ ստացող քաղաքացիները չեն ուզում ընդգրկվել զբաղվածության ծրագրերում՝ այդ աջակցությունից չզրկվելու համար։ Այդ առումով գործում է սեզոնային զբաղվածության ծրագիրը, որը թույլ է տալիս միաժամանակ ունենալ աշխատանք և դուրս չգալ ընտանեկան նպաստից։
«Ապրիլի 1-ից ուժի մեջ է մտել պայմանով նպաստի ծրագիրը։ Սա նշանակում է, որ այն քաղաքացին, որը դիմում է ընտանեկան սոցիալական նպաստի և աշխատունակ է, որևէ սոցիալական կարգավիճակ չունի՝ որևէ խմբի չի պատկանում, օրինակ՝ տարեց չէ, միայնակ չէ, չունի հաշմանդամություն։ Նպաստում ընդգրկում ենք պայմանով, որ պետք է ընդգրկվի զբաղվածության ծրագրում։ Անում ենք առաջարկներ, եթե կա վերապատրաստման, ուղորդման կարիք, և այդ առաջարկը ընդունելուց հետո քաղաքացին շարունակում է ստանալ ընտանեկան կամ սոցիալական նպաստը ևս վեց ամիս»,- ասաց Բաթոյանը։