Նորքի տուն-ինտերնատում վարակի տարածման հնարավոր պատճառը բնակիչներից մեկի՝ այլ ախտորոշմամբ հիվանդանոցային պայմաններում բուժումն է եղել: Այդ մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը:
Նրա խոսքով՝ տուն-ինտերնատ վերադարձի ժամանակ տարեց քաղաքացին թեստ է հանձնել, արդյունքը՝ բացասական, սակայն մի քանի օր անց ինտերնատում ջերմող բնակիչ է հայտնաբերվել, ապա ջերմություն է ունեցել նաև տվյալ անձը:
Նախարարն ասաց, որ ինչպես տարեցների տուն-ինտերնատում, այնպես էլ մանկատներում կարանտին էր հայտարարված դեռևս փետրվարից, սակայն մինչ օրս էլ դեպքերն ամբողջությամբ բացահայտել հնարավոր չէ, քանի որ ասիմպտոմ քաղաքացիները շատ են, և նրանց մոտ վարակի առկայությունը հնարավոր է լինում պարզել միայն թեստավորման արդյունքում:
Զ.Բաթոյանը վստահեցրեց, որ ինչպես տուն-ինտերնատում, այնպես էլ մանկատանն իրավիճակը կայուն է, վարակի տարածումը հնարավոր է եղել դադարեցնել: