«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը ԱԺ հատուկ նիստում անդրադարձավ խորհրդարանական ընդդիմության հայտարարություններին:
«Անդրադառնամ մեր առանձին գործընկերների տեսակետներին. բողոքի ձայն հնչեցնելու իրավունքի մասին: Իհարկե, բողոքի ձայն հնչեցնելու իրավունքը երաշխավորված է ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով, միևնույն ժամանակ ՀՀ Սահմանադրությունը ենթադրում է հատուկ իրավիճակներում արտակարգ դրության սահմանում, որն իր հերթին սահմանում է հատուկ իրավական ռեժիմ: Եվ ՀՀ բոլոր քաղաքացիները, ՀՀ-ում գտնվող բոլոր անձինք պարտավոր են ենթարկվել այդ իրավական ռեժիմով սահմանված միջոցառումներին ու վարքագծին՝ անկախ մասնագիտությունից, զբաղեցրած դիրքից, քաղաքական կուսակցության պատկանելությունից:
Քաղաքական հայտարարություններն իհարկե որևէ մեկը չի կարող սահմանափակել, ինչպես նաև չեն կարող սահմանափակվել պատասխան քաղաքական հայտարարությունները: Ինչ վերաբերում է քաղաքական օրակարգ ձևավորելուն, ապա քաղաքական, ոչ այնքան քաղաքական միավորները իհարկե ազատ են:
Բայց եթե այդ արտահայտությունը հնչեցնելով նկատի է առնվում վերջին շրջանում շատ ակտիվ շրջանառվող, առնվազն ինձ համար միակ քաղաքական օրակարգը, այն է՝ Կառավարության և վարչապետի հրաժարականի պահանջը, ապա վերահաստատում եմ արտակարգ դրության պայմաններում «Իմ քայլը» խմբակցության քաղաքական դիրքորոշումը: Ընդ որում՝ այդ «քաղաքական օրակարգի» վերաբերյալ արտակարգ դրության պայմաններում ավելի քան խոսուն է Սահմանադրության 115-րդ հոդվածի 4-րդ կետը, որով այս պայմաններում նույնիսկ քննարկել չի առաջարկվում»,- շեշտեց Մակունցը:
«Իմ քայլը» խմբակցության ղեկավարը հիշեցրեց, որ կորոնավիրուսը մարտահրավեր է ողջ աշխարհին՝ անկախնրանից, թե պետություններն ինչպիսի հզոր տնտեսական, ռազմական պոտենցիալ ու կայացած, հագեցած առողջապահական համակարգ ունեն: Նրա խոսքով՝ յուրաքանչյուր երկիր յուրովի, հաշվի առնելով սեփական հնարավորությունները, մարտահրավերները, հասարակության մշակութային, պետության անվտանգային ու այլ առանձնահատկություններ, կայացնում է որոշումներ համավարակի տարածման ու դրա դեմ պայքարի մարտավարության առումով:
Ըստ Մակունցի՝ նոր կորոնավիրուսը դեռ վատ է ուսումնասիրված, ու տարբեր պետություններ հաճախ հընթացս մարտավարություններ են փոխում:
«Այս պնդումը վերաբերում է թե՛ Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը, թե՛ պետություններին: Այս առումով Հայաստանը բացառություն չէ, Կառավարությունը չի խորշում հընթացս շտկումներ մտցնել իր գործողություններում: Սակայն ակնհայտ է, որ կորոնավիրուսով պայմանավորված մարդասիրական, սոցիալական, տնտեսական խնդիրների առավել արդյունավետ հաղթահարման համար անհրաժեշտ է համընդհանուր մոբիլիզացիա, համընդհանուր ջանքերի համատեղում, այդ թվում՝ միջազգային ասպարեզում»,- ասաց Լիլիթ Մակունցը: