ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, ԱԺ հատուկ նիստում անդրադառնալով արտակարգ դրության իրավական ռեժիմը ևս մեկ ամսով երկարաձգելուն, հայտարարեց, որ պետք է ընտրել քաղաքական ու քաղաքացիական իրավունքների կիրարկման ոսկե միջինը:
«Բողոք արտահայտելու իրավունքը չպետք է սահմանափակվի, և անգամ պանդեմիայի ժամանակ քաղաքակիրթ երկրներում այս իրավունքն իրացվում է, բնականաբար, համապատասխան չափանիշներով»,- ասաց Մարուքյանը: Նա Կառավարությանն առաջարկեց այդ իրավունքի հետ կապված գնալ ընդառաջ և ցանկացողներին բողոքի ակցիաներ անելու հնարավորություն տալ:
Ըստ նրա՝ քաղաքական կյանքն ամբողջությամբ իր հունով պետք է շարժվի, և բոլորը իրենց մտահոգություններն ու քաղաքական օրակարգը պետք է կարողանան ձևավորել:
«Նախկին սխալների մասին հիմա ԱԺ այսօրվա նիստում անիմաստ է խոսել: Հույս ունեմ՝ գիծ քաշելուց հետո կարող ենք բոլորով շատ արագ, մոտավորապես 14 օրվա մեջ էս համավարակի մեծ թվերի դեմ միասնաբար պայքարել ու խնդիրը լուծել, որից հետո քաղաքական պատասխանատվության հարց ենք բարձրացնելու»,- ասաց նա: