Կառավարության այսօր հրավիրված արտահերթ նիստի օրակարգում մեկ հարց է՝ արտակարգ դրության երկարաձգումը մեկ ամսով:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն առողջապահության փոխնախարար Անահիտ Ավանեսյանին խնդրեց ներկայացնել կորոնավիրուսի հետ կապված վերջին թվերը:
Փոխնախարաը նշեց, որ նախօրդ օրվա դրությամբ իրականացվել է 2297 հետազոտություն, և հաստատվել է 628 նոր դեպք, առողջացածների թիվը 173 է, եղել է 13 մահվան դեպք:
«Ունենք մոտ 7 հազար պացիենտ, որոնք գտնվում են տնային հսկողության տակ, և մնացած 1800-ը հիվանդանոցային հսկողության տակ են: Նրանցից 425 ծանր դեպք ունենք, 100 հոգի գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում, իսկ 23 հոգու միացված է արհեստական շնչառական ապարատ»,- նշեց փոխնախարար Ավանեսյանը:
Վարչապետը կրկին արձանագրեց, որ ամեն օր գրանցվող թվերը ցույց են տալիս, թե ՀՀ-ում վերջին 14 օրվա ընթացքում ինչպես են պահվել հակահամաճարակային կանոնները:
«Մենք նկատում ենք, որ երբ թվերի որոշակի նվազում է լինում, հակահամաճարակային կանոնների պահպանման կտրուկ անկում ենք արձանագրում: ՀՀ քաղաքացիները պետք է արձանագրեն, որ նոր դեպքերի վերաբերյալ թվերը արտահայտում են, թե մենք ինչպես ենք պահպանել դիմակ կրելու, սոցիալական հեռավորություն պահպանելու և ձեռքերն ախտահանելու կանոնները»,- նշեց վարչապետը՝ հավելեով, որ իրավիճակը ուղիղ կապ ունի հանրային համընդհանուր վարքագծի հետ:
Վարչապետը նշեց, որ պետք է կրկնել, հիշեցնել ուղերձը քաղաքացիներին, մինչև այն տեղ հասնի: