Ո՞րն է այն պահը, շեմը, որին հասնելու պարագայում պետք է քննարկվի արտակարգ դրությունը հանելու հարցը։ Հարցը վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղեց ԼՀԿ պատգամավոր Արկադի Խաչատրյանը:
Փաշինյանը ներկայացրեց երկու տարբերակ և ասաց՝ երրորդ տարբերակ չկա։ Առաջին տարբերակն, ըստ վարչապետի, երբ կհայտնաբերվի պատվաստանյութ, որի էֆեկտիվությունը հաստատված կլինի, և կներմուծեն, ու կսկսվի զանգվածային պատվաստման գործընթաց։
«Տարբերակ երկրորդ. երբ մենք արձանագրենք, որ հակահամաճարակային կանոնների պահպանումը բերում է շարունակական թվերի նվազման։ Օրինակ՝ եթե մենք այսօրվա վիճակով երկու շաբաթ անընդմեջ տեսնենք թվերի նվազում։ Թվերը գան հասնեն 150, 100 և դրանից ներքև»,- ասաց Փաշինյանը։
Վարչապետը նշեց, որ խնդիրը սկզբում այն էր, որ հստակ բանաձևը գտնված չէր, թե ինչպես կարելի է հսկողության տակ առնել հիվանդությունը։ Հիշեցրեց, որ ԱՀԿ հայտարարությունները վերջին 5 ամիսների ընթացքում մի քանի անգամ հակասել են միմյանց։ Օրինակ՝ վերջերս ԱՀԿ-ն հայտարարեց, որ ասիմպտոմ հիվանդները վարակակիր չեն, իսկ երկու օր հետո ասվեց հակառակը։ Վարչապետն ընդգծեց, որ խնդիրն այն է, որ նոր տիպի կորոնավիրուսի մասին մարդկության իմացությունը դեռ շարունակում է զարգանալ։
Փաշինյանը նշեց․ «Մենք շատ երկար փորձի, սխալների, ձախողումների արդյունքում գտանք այն բանաձևը, որ մեզ պետք է երաշխավորի, որ թվերը առնում ենք հսկողության տակ. կրել դիմակ, պահել սոցիալական հեռավորություն և ախտահանել ձեռքերը»։ Ասաց՝ մեր խնդիրն է՝ արտակարգ դրության միջոցները գործադրելու օգնությամբ այս կանոնների պահպանումը դարձնել հանրային վարքագիծ։