Արտակարգ դրության պայմաններում ՀՀ պարետի որոշումների պահանջները չկատարելու կապակցությամբ ՀՀ քաղաքացիների կողմից ՀՀ ոստիկանների օրինական պահանջներին չենթարկվելու և նրանց նկատմամբ բռնություն գործադրելու դեպքերի առթիվ ՀՀ քննչական կոմիտեում քննվում են քրեական գործեր՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) հատկանիշներով:
ՔԿ-ից հայտնում են, որ հարուցված քրեական գործերով երկու անձ ունի մեղադրյալի դատավարական կարգավիճակ, որոնց նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է գրավ:
Նշված քրեական գործերով նախաքննությունը շարունակվում է:
ՔԿ-ն քաղաքացիներին հորդորում է հետամուտ լինել արտակարգ դրության պայմաններում Պարետի որոշումների պահանջների և կանոնների պատշաճ կատարմանը, ինչպես նաև ենթարկվել ինչպես ՀՀ ոստիկանների, այնպես էլ իրավապահ այլ մարմինների ծառայողների օրինական պահանջներին՝ ՓՐԿԵԼՈՎ ԿՅԱՆՔԵՐ: