Վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում անդրադարձավ իր վարակվելու և առողջանալու պատմությանը: Վարչապետը հայտնեց, որ դրական է ախտորոշվել մայիսի 31-ին, բայց ոչ այն պատճառով է թեստավորվել, որովհետև իրեն վատ էր զգում, կամ ախտանիշ կար, այլ այն պատճառով, որ առաջնագիծ պետք է մեկներ: Վարչապետը նաև անդրադարձավ Արցախում արված հայտնի լուսանկարի պատմությանը:
«Եթե ենթադրենք, որ ես վարակված եմ եղել արդեն ամսի 20-ին, և Արցախի նորընտիր նախագահի երդմնակալությանը մասնակցել եմ արդեն վարակակիր լինելով, նախ փակ դահլիճում եղել եմ դիմակով և շփում եմ ունեցել Արցախի երրորդ նախագահի հետ և, փառք Աստծո, այդ 14 օրը անցել է, և որևէ ախտանիշ չկա:
Այդ հայտնի աղմակահարույց միջոցառումը՝ ընդունելություն Արցախի նախագահի պաշտոնամուտի արարողության կապակցությամբ. ուզում եմ ընդգծել, որ միջոցառումն ամբողջությամբ տեղի է ունեցել այդ պահին Արցախում գործող իրավակարգավորումների շրջանակում: Այդ լուսանկարնում ռակուրսը չգիտեմ՝ ոնց է երևում, բայց ինձնից ձախ եղել է ԱԺ նախագահը, աջ՝ վարչապետի աշխատակազմի ղեկավարը, անվտանգության խորհրդի քարտուղարը: 14 օր անցել է, և ոչ մեկը չի վարակվել, որովհետև այդ ողջ ընթացքում բնազդային զգուշություն և հեռավորությունների որոշակի պահպանում եղել է»,- նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: