ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության պատվիրակությանը՝ նախագահ Արսեն Ղազարյանի գլխավորությամբ։ Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը և ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը։
Ի թիվս բազմաթիվ հարցերի՝ քննարկվել են կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված իրավիճակի հաղթահարմանն ուղղված՝ Կառավարության ձեռնարկած սոցիալ-տնտեսական միջոցառումների ընթացքը, գործարարության առջև ծառացած խնդիրները, վերջիններիս կողմից իրականացվող քայլերը՝ տնտեսության անկման կանխման և տնտեսական գործընթացների բնականոն հունը վերականգնելու ուղղությամբ։
Երկուստեք պայմանավորվածություն է ձեռք բերվել նման հանդիպումները դարձնել շարունակական՝ ըստ տնտեսության առանձին ճյուղերի։
«Մեծ է այսպիսի հանդիպումների կարևորությունը, որոնց ընթացքում գործադիրը հիմնական դերակատարներից՝ գործարարներից է անմիջականորեն տեղեկանում տնտեսության տարբեր ոլորտներում առկա խնդիրներն ու զարգացումները, իսկ վերջիններս հնարավորություն են ստանում Կառավարության անդամների հետ քննարկելու նախատեսվող տնտեսական քաղաքականության քայլերը, ներկայացնելու իրենց տեսակետները»,- հանդիպումից հետո ասաց ՀԱԳՄ նախագահ Արսեն Ղազարյանը։