Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտնեց, որ վաղը հատուկ չվերթով Հայաստան է ժամանելու 10 բժիշկ Ֆրանսիայից, Լիտվայի կառավարությունն է պատրաստակամություն հայտնել օգնելու, և հավանաբար հաջորդ շաբաթ այնտեղից էլ բժիշկներ կժամանեն:
«Կան նաև Ռուսաստանի Դաշնությունից բժիշկներ՝ մոտ 50 հոգի, որոնք, ամենայն հավանականությամբ, կայցելեն և տեղում կաշխատեն մի քանի շաբաթ: Նաև ԱՀԿ-ի եվրոպական գրասենյակի հետ ենք բանակցությունների մեջ երկու տարբեր ուղղություններով բժշկական՝ արտակարգ իրավիճակների համար հատուկ ստեղծված թիմերի այցելությունների հետ կապված: Հավանաբար դա կլինի կա՛մ լեհական թիմ, կա՛մ Իսրայելից, որոնք մեծ փորձ ունեն, տարբեր երկրներում հիմա նրանք օգնում են, բայց այդ որոշումը դեռ վերջնական չէ»,- նշեց նախարարը:
Կանխատեսում, թե երբ հնարավոր կլինի հաղթահարել համաճարակը՝ նախարարը չցանկացավ անել, քանի որ դա անշնորհակալ գործ է համարում, բայց նշեց, որ երբ ունենանք կայուն վիճակ ու ակտիվ դեպքերի իջեցում, կարելի է համարել, որ վատ իրավիճակն անցել ենք:
«Բոլոր սուր շնչառական վարակներն աշնանը ակտիվանում են՝ կախված ջերմաստիճանից: Մեր մոտ դա հիմնականում նոյեմբերն է, երբ մարդիկ սկսում են ավելի շատ մնալ տներում, փակ տարածքներում, չօդափոխել սենյակները, և վարակի տեմպերն աճում են: Այո՛, կորոնավիրուսի վտանգը նույնիսկ հաղթահարած երկրների մոտ մնում է ուժեղ և մեծ՝ հենց ձմեռային սեզոնին ակտիվանալու առումով: Դրա համար է, որ մենք հզորությունը զարգացնելիս հաշվի չենք առնում միայն այս պահին գոյություն ունեցող կարիքը: Մենք էլ ենք պատրաստվում աշնանը»,- նշեց Թորոսյանը: