Վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում արտակարգ դրության ժամկետը երկարաձգելու մասին հարցի ներկայացման ժամանակ անդրադարձավ նաև խիստ սահմանափակումների ռեժիմին վերադառնալու մասին հարցին:
Վարչապետը նշեց, որ տոտալ սահմանափակումների ռեժիմի էֆեկտիվությունը մի անգամ արդեն ապացուցվել է, և Կառավարության ուղերձը շարունակում է մնալ նույնը:
«Մենք պետք է անհատական վարքի փոփոխությամբ հաղթահարենք այս իրավիճակը: Բայց ուզում եմ նաև ընդգծել, որ կարող է գալ իրավիճակ, որ մենք պարզապես այլ ընտրություն չունենանք, քան տոտալ սահմանափակումների վերադառնալը: Ընդ որում՝ մենք ունենք հաշվարկներ, և եթե մեզ հաջողվի կայուն պահել իրավիճակը, և մենք մնանք օրը 550-600 նոր դեպքի շրջանակում, այդ բեռը ծանրությամբ, բայց տանելի կլինի առողջապահական համակարգի համար:
Բայց եթե թիվը դրանից էականորեն ավելի իրավիճակ ունենանք, մենք կարող ենք ստիպված լինել գնալ տոտալ լոքդաունի, ինչը կնշանակի հարված հասցնել մեր տնտեսության ողնաշարին: Բայց էլի մեզ համար սա ունի նաև գաղափարախոսական կարևոր նշանակություն, և այս հարցի լուծումը մենք տեսնում ենք Կառավարության և ժողովրդի զանգվածային համագործակցության մեջ»,- նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հիշեցնելով, որ իրավիճակի կայունացումը մեզանից յուրաքանչյուրից կախված լինելու և հակահամաճարակային շարժում սկսելու անհրաժեշտության մասին: