Վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում արտակարգ դրության ժամկետը երկարաձգելու մասին հարցի ներկայացման ժամանակ պատասխանեց անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի հարցին, թե հանրության այսօրվա վարքագծից ելնելով հնարավո՞ր է արտակարգ դրության երկարաձգումը հաջորդ ամսին, և որքանո՞վ է հնարավոր խիստ սահմանափակումների վերադարձը: Վարչապետը նախ հայտնեց, որ խիստ սահմանափակումների ժամանակ տնտեսությանը հասցված ուղիղ վնասի չափը 50 միլիարդ դրամ է, իսկ անուղղակի վնասի չափը 100-ից 150 միլիարդ է:
«Ենթադրենք՝ մենք արեցինք 14-օրյա լոքդաուն, որը վերացնելուց հետո վարքագծի փոփոխություն չեղավ: Էլի հաջորդ 14 օրվա մեջ եկավ- հասավ 600 դեպքի: Ի՞նչ ենք անելու, էլի՞ 14 օր լոքդաուն, էլի՞ 150 միլիարդ, էլի՞ սոցիալական վիճակի էլ ավելի խորացում:
Լոքդաունը 100 տոկոսով էֆեկտիվ կլինի, եթե մենք թիվը 0 ունենանք, իսկ մենք 0 չենք ունենում նույն պատճառով. այո՛, հրապարակում, Հյուսիսային պողոտայում մարդ չկա, ռեստորաններում քեֆ չկա, բայց այդ քեֆը տեղի է ունենում տներում, քեֆը տեղի է ունենում բակերում»,- նշեց վարչապետը՝ համեմատություն կատարելով Վրաստանի ոստիկանության պարեկային ծառայությունը մեր ոստիկանների հետ ու նշելով, որ պարեկային ծառայության անցումը հարևան երկրում նպաստել է, որ ոստիկանի հեղինակությունը բարձրանա, նա իրավունք ունի բակ մտնելու, քաղաքացուն հորդորներ անելու, իսկ մեզ մոտ դրան անցնել այս տարի չհաջողվեց: Պարեկային ծառայությունը կներդրվի մյուս տարվանից:
Վարչապետը նշեց, որ առանց վարքագծի փոփոխության՝ հնարավոր չէ հաղթահարել համավարակը: Լուծումը հակահամաճարակային զանգվածային շարժումն է, ու բոլորը պետք է դառնան ակտիվիստ՝ հավելեց վարչապետը: