Արցախի ԱԺ խմբակցությունները անդրադարձել են Եվրախորհրդարանում Հայաստանի և Ադրբեջանի հարցերով մշտական զեկուցողների ու պատվիրակության ղեկավարի վերջին համատեղ հայտարարությանը՝ այն որակելով խիստ սուբյեկտիվ:
ԱԺ խմբակցություններն այսօր համատեղ հայտարարություն են տարածել՝ նշելով.
«Հունիսի 10-ին Եվրախորհրդարանում Հայաստանի և Ադրբեջանի հարցերով մշտական զեկուցողները և պատվիրակության ղեկավարը համատեղ հայտարարություն են տարածել Արցախի Հանրապետությունը Հայաստանի Հանրապետությանը կապող նոր մայրուղու կառուցման վերաբերյալ:
Մենք մեծապես կարևորում ենք աշխարհի տարբեր երկրներում մարդու իրավունքների պաշտպանության համար ձեռնարկվող քայլերը և Արցախի Հանրապետությունը Հայաստանի Հանրապետության հետ կապող նոր ճանապարհի կառուցումով նորից վերահաստատում մեր աջակցությունը նմանօրինակ ջանքերին:
Վերահաստատում ենք նաև Արցախի Հանրապետության հավատարմությունը ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում և կարևորում բանակցային գործընթացի բոլոր փուլերին պաշտոնական Ստեփանակերտի լիարժեք մասնակցության անհրաժեշտությունը:
Միևնույն ժամանակ փաստում ենք, որ Եվրախորհրդարանի երեք պատգամավորի վերոհիշյալ հայտարարությունը խիստ սուբյեկտիվ և կողմնակալ է իր բնույթով, իսկ նման մոտեցումները, ինչպես ցույց է տվել փորձը, միշտ էլ բացասական ազդեցություն են թողել մեր տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանմանն ուղղված ջանքերին, որոնց ուղղությամբ տարիներ շարունակ իրենց գործունեությունն են իրականացնում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները:
Վերոհիշյալ պատգամավորների սուբյեկտիվ մոտեցման մասին վկայում է նաև այն, որ Ադրբեջանի կողմից վարվող ագրեսիվ ու հայատյաց քաղաքականությունը նրանց կողմից երբևիցե չի արժանացել ոչ մի արձագանքի:
Կոչ ենք անում խորհրդարանական կառույցներին, հասարակական ու քաղաքական գործիչներին՝ դատապարտել ցանկացած նմանօրինակ քայլ՝ խստիվ հետևելով միջազգային իրավունքի նորմերին և սկզբունքներին»:
«Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցություն
«Միասնական հայրենիք» խմբակցություն
Արցախի «Արդարություն» խմբակցություն
«Հայ Հեղափոխական Դաշնակցություն» խմբակցություն
«Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցություն: