Վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հարցին ի պատասխան անդրադարձավ ոստիկանության կիրառած ուժին՝ քաղաքացիների՝ սահմանված կանոններին չհետևելու պատճառով՝ հիշեցնելով համացանցում լայն տարածում գտած տեսահոլովակը:
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ կհամաձայներ Մարուքյանի հետ թև ոլորելու, գետնին տապալելու մասով, եթե դա տեղի չունենար օրենքով նախատեսված կարգով և ուժի կիրառման վերազանցում տեղի ունենար:
«Ուզում եմ էլի հիշեցնել, որ ոստիկանությունը ուժային կառույց է և օրենքով սահմանված դեպքերում և կարգով իրավունք ունի կիրառելու ուժ: Պարզ է, որ դիմակ չկրելու համար չի կարելի ուժ կիրառել, բայց եթե դիմակ չկրելու համար քաղաքացու հետ հաղորդակցության ժամանակ տեղի են ունենում այլ զարգացումներ, իհարկե, ոստիկանությունը պետք է ուժ կիրառի»,- նշեց վարչապետը՝ հավելելով, որ մարդու իրավունքների պաշտպանության և քաղաքացիների նկատմամբ հարգանքի առումով որևէ հետընթաց արձանագրել չենք կարող: