Այսօր բացվել է Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության Հադրութի շրջանային բուժմիավորման անհետաձգելի բուժօգնության բաժանմունքը: Այն վերակառուցվել, կահավորվել ու համալրվել է բարձրակարգ բժշկական սարքավորումներով` պետական միջոցներով և Լեռնային Ղարաբաղում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի առաքելության աջակցությամբ:
Բաժանմունքի նպատակն է Հադրութի շրջանի բնակչությանը որակյալ անհետաձգելի բուժօգնության տրամադրումը։ Այժմ ծանր հիվանդների վիճակը կարող է կարգավորվել բաժանմունքում մինչև տեղափոխելն այլ բաժանմունք կամ հիվանդանոց:
Համավարակի ընթացիկ փուլում, ըստ անհրաժեշտության, բաժանմունքը կարող է անհետաձգելի բժշկական օգնություն տրամադրել նաև COVID-19-ով հիվանդներին:
Հադրութի շրջանային բուժմիավորման գործադիր տնօրեն Արա Երեմյանը շնորհակալություն է հայտնել ԼՂ-ում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի առաքելության աշխատողներին, ի դեմս առաքելության ղեկավար` Պիեռ Էմանուել Դյուքրուեին և վստահեցրել, որ բուժանձնակազմը կջանա բարձրորակ բժշկական սպասարկում ապահովել բնակչությանը: