Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը հրաժեշտի ուղերձ է հղել պաշտոնավարման ժամկետի ավարտի կապակցությամբ։ Ուղերձում մասնավորապես ասված է․
«Սիրելի հայրենակիցներ, հարգարժան գործընկերներ
Ավարտվում է Կենտրոնական բանկի նախագահի պաշտոնում իմ պաշտոնավարման 12 տարին, որոնք ուղեկցվել են մեր սիրելի թիմի հետ ամենօրյա բարձր պատասխանատու աշխատանքով: Հագեցված օրակարգով տարիների աշխատանք, որը շատ հաճախ տեսանելի չէ հասարակության համար: Սակայն արդյունքն ակնհայտ է. մենք ապահովել ենք այս տարիների ընթացքում երկրում մակրոտնտեսական կայունությունն ու ֆինանսական համակարգի կայուն զարգացումը: Կենտրոնական բանկը մշտապես ներդրել է իր ուժերի առավելագույնը՝ ի շահ մեր պետության և ժողովրդի:
Նախ` ցանկանում եմ առանձնակի արժևորել և իմ խորին երախտիքի խոսքն ուղղել Կենտրոնական բանկի թիմին, մեր ողջ անձնակազմին, ովքեր այս տարիների ընթացքում պատվով և ամենայն պատասխանատվությամբ իրականացրել են իրենց պարտականությունները՝ ցուցաբերելով մասնագիտական և աշխատանքին նվիրվածության անգնահատելի որակներ:
Ուզում եմ շնորհակալական խոսքս ուղղել նաև իմ պաշտոնավարման տարիներին գործող Հայաստանի Հանրապետության և միջազգային կառույցների մեր գործընկերներին, որոնց հետ արդյունավետ աշխատանքը մշտապես ուղղված է եղել երկրի զարգացմանն ու բարեկեցիկ ապագային:
Շնորհակալական խոսքս եմ ուղղում նաև Հայաստանի ֆինանսական ինստիտուտներին, որոնց հետ անցած ուղին եղել է փոխհամագործակցային և կառուցողական: Պետք է շեշտել, որ Հայաստանի բանկային համակարգը մեկ անգամ չէ, որ ապացուցել է տնտեսության դժվարին պահերին իր պետականաշինության և հասարակությանն ընդառաջ գնալու բարձր պատրաստակամությունն ու խոհեմությունը:
Այս տարիների ընթացքում Կենտրոնական բանկը հաջողությամբ իրականացրել է օրենսդրորեն ամրագրված իր խնդիրները:
Անցնող տարիները զերծ չէին տարաբնույթ մարտահրավերներից՝ համաշխարհային ճգնաժամ, տարածաշրջանային և ներքին շոկեր: Սակայն ֆինանսական ինստիտուտների ճկուն ռազմավարության և Կենտրոնական բանկի կողմից կայունության ամրապնդմանն ու զարգացմանն ուղղված հետևողական քաղաքականության արդյունքում` այս տարիները եղել են ոչ միայն շոկերին դիմագրավելու, այլ ֆինանսական համակարգի համար կայունության և զարգացման տարիներ: Դրա ցայտուն վկայությունն են ինչպես ֆինանսական միջնորդության, ֆինանսական ծառայությունների հասանելիության և այլ ցուցանիշների շեշտակի աճերը, այլ նաև միջազգային կառույցների՝ Կենտրոնական բանկի կողմից վարվող քաղաքականությանը և ֆինանսական համակարգին տրված գնահատականները: Հատկանշական են Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի կողմից իրականացված ֆինանսական համակարգի գնահատման ծրագրի ամփոփված արդյունքները, որոնց համաձայն Հայաստանի ֆինանսական համակարգը գնահատվել է կայուն, իսկ կարգավորման և վերահսկողական գործընթացները համապատասխանել են օրինակելի համարվող Բանկային վերահսկողության բազելյան հիմնարար սկզբունքներին շուրջ 97%-ով:
Մեզ հաջողվել է Հայաստանում պահպանել և ամրապնդել գների կայունությունը. 2008-2019 թվականների ընթացքում տարեկան միջին գնաճը կազմել է 3.9 տոկոս: Այս տարիների ընթացքում Կենտրոնական բանկը կարողացել է դիմակայել տարբեր տնտեսական ցնցումների, դժվարագույն պայմաններում գների կայունությունը պահպանելուց զատ կարողացել է նվազեցնել և ավելի լավ խարսխել հասարակության գնաճային սպասումները: Դա լավագույնս արտացոլվեց 2018 թվականի քաղաքական փոփոխությունների և այս տարի՝ կորոնավիրուսային համավարակի պայմաններում մեր հասարակության վարքագծային դրսևորմամբ:
Տպավորիչ հաջողություններ են գրանցվել փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի ոլորտում: Սա վերաբերում է թե՛ ՓԼ/ԱՖ դեմ պայքարի միջազգային ստանդարտներին մեր երկրի ֆինանսական ու ոչ ֆինանսական համակարգերի համապատասխանությանը, թե՛ մի շարք հնչեղ գործերով ֆինանսական հետախուզության գործողությունների շնորհիվ արձանագրված արդյունքներին:
Սպառողների շահերի պաշտպանության և ֆինանսական կրթման ուղղությամբ իրականացվող ծրագրերը, մշակված խաղի կանոններն ու գործող կառուցակարգերը հիրավի բարձր գնահատականի են արժանանում ոլորտի միջազգային հեղինակավոր կառույցների կողմից: Շատ երկրներ հետաքրքրված են, և իրենց մոտ ներդնելու նպատակով, ուսումնասիրում են սպառողների շահերի պաշտպանության հայաստանյան մոդելը: Այս տարիներին հիմնադրվել է նաև ֆինանսական համակարգի հաշտարարի ինստիտուտը:
Արժույթի թողարկման բնագավառում՝ ՀՀ դրամի ներդրման 25-ամյա հոբելյանի շրջանակում Կենտրոնական բանկը շրջանառության մեջ դրեց նոր՝ երրորդ սերնդի թղթադրամները, որոնք աչքի էին ընկնում թղթադրամի որակական և պաշտպանական նորագույն և լավագույն չափանիշներով: Կենտրոնական բանկը էական առաջընթաց գրանցեց հուշադրամների թողարկման ասպարեզում, արժանացավ տարբեր բարձր մրցանակների՝ ընդլայնելով դրանց միջազգային ճանաչումը և մեր պատմամշակութային ու գիտական ժառանգության հանրահռչակումը:
Օրենքով ամրագրված անմիջական խնդիրներից բացի, Կենտրոնական բանկը ջանք չի խնայել իր աջակցությունը ցուցաբերել տնտեսության և հասարակության բարօրությանն ուղղված ամենատարբեր ծրագրերում: Մշտապես մեր ակտիվ մասնակցությունն ենք ունեցել Կառավարության կողմից իրականացվող բազմապիսի սոցիալական և տնտեսություն կարևոր ոլորտների վարկային ծրագրերի մշակման և իրականացման աշխատանքներում, ինչպես նաև Կառավարության ամենատարբեր ծրագրերում (կենսաթոշակային ռեֆորմ, զինծառայողների ապահովագրության հիմնադրամ և այլն): Այս տարիներին հիմնադրված «Ազգային հիփոթեքային» և «Բնակարան երիտասարդներին» ընկերություններն էական նպաստում են ունեցել հիփոթեքային շուկայի ձևավորմանն ու սոցիալական և ոլորտային ծրագրային վարկավորման իրականացմանը:
Հպարտության և գոհունակության զգացումով արձանագրելով մեր ձեռքբերումներն ու հաջողությունները՝ ես չեմ կարող, իհարկե, չարձանագրել, որ մենք ունեցել ենք նաև բացթողումներ, թերացումներ, սակայն Կենտրոնական բանկի թիմը մշտապես միտված է եղել դեպի զարգացում, դեպի առաջընթաց և նախանշված ռազմավարական նպատակների իրականացում:
Անձնակազմի կրթումը և մասնագիտական որակների զարգացումը շարունակել է մնալ որպես մեր գործունեության կարևոր գրավական: Կենտրոնական բանկում աշխատում են ինչպես փորձառու և տարբեր ոլորտներում միջազգային մասնագիտական որակավորումներ ունեցող, այնպես և երիտասարդ, բայց ներուժ ու զարգանալու ձգտում ունեցող մասնագետներ: Որոշ առումով Կենտրոնական բանկը նաև գիտելիքի ձեռքբերման և կատարելագործման յուրօրինակ դարբնոց է, որտեղից որակյալ մասնագետները հաճախ շարունակում են աշխատանքը նաև Հայաստանի պետական և մասնավոր այլ ոլորտներում:
Սիրելի գործընկերներ, դուք հիրավի մեր հպարտությունն եք, և Կենտրոնական բանկի ձեռքբերումների ապահովման թիվ մեկ երաշխավորը: Շնորհակալ եմ ձեզ:
Կենտրոնական բանկի ինստիտուցիոնալ զարգացման մասով չի կարելի չնշել Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնի բացման հանգամանքը, ինչը հնարավորություն ընձեռեց մեզ նոր մակարդակի վրա բարձրացնել Կենտրոնական բանկի համագործակցությունը միջազգային գործընկերների և առաջատար գիտակրթական հաստատությունների հետ: Այս տարիների ընթացքում մենք կարողացանք Դիլիջանում ընդունել աշխարհի առաջատար բուհերի ուսանողներին, անցկացնել տարածաշրջանային և միջազգային նշանակության բազմաթիվ միջոցառումներ:
Կենտրոնական բանկի արժեքներից է հավատարմությունը կառույցին և նրա մշակույթին: Այն իր մեջ ներառում է նաև քաղաքականության և բանկի կողմից իրականացվող բարեփոխումների շարունակականության ապահովումը: 12 տարի առաջ ստանձնելով այս պատասխանատու պաշտոնը՝ ես մեծ նշանակություն տվեցի շարունակականության ապահովմանը: Վստահ եմ, որ գործին ու առաքելությանը նվիրված Կենտրոնական բանկի նոր ղեկավարը, ժամանակի հրամայականին համահունչ, նորովի կշարունակի իրագործել Կենտրոնական բանկի առջև դրված խնդիրները՝ ապահովելով մեր քաղաքացիների ու պետության շահերը, և մնալով Կառավարության ու միջազգային կառույցների վստահելի գործընկեր: Համոզված եմ, որ գալիք տարիները կլինեն վերելքի ու զարգացման յուրօրինակ տարիներ:
Ուրախ եմ, որ կարողացել ենք պատվով ծառայել մեր երկրին ու ժողովրդին, և մեր լուման ներդնել պետականաշինության գործընթացում: Տարիների ընթացքում ձեռք բերած իմ փորձով և գիտելիքներով մշտապես պատրաստակամ եմ կիսվել տարբեր հարթակներում և օգտակար լինել մեր երկրի զարգացմանը:
Ամենայն բարիք և խաղաղություն բոլորիս:
Շնորհակալություն»: