Տարածքային կառավարման նախարարությունից հաղորդում են, որ նախարարության ու «Լավ կառավարում հանուն տեղական զարգացման Հարավային Կովկասում» ծրագրի հետ համագործակցությամբ հանրապետության ավելի քան 50 համայնքի համար կազմակերպվել է «ՀՀ համայնքների արձագանքը կորոնավիրուսի համաճարակին» խորագրով առցանց աշխատաժողով։
«Սա առաջին լայնածավալ միջոցառումն է նման ձևաչափով, որը կունենա շարունակական բնույթ: Այս ձևաչափը կօգտագործվի նաև միավորված համայնքների համար՝ վերհանելու և լուծելու համայնքներում առկա խնդիրները: Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ կարևոր է արագ արձագանքել և փորձել հարմարվել համաշխարհային համաճարակի պայմաններում համակեցության նորմերին»,- իր բացման խոսքում նշել է ՏԿԵՆ տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության պետ Աշոտ Գիլոյանը։
Աշխատաժողովի ընթացքում Հայաստանի տարբեր համայնքների ներկայացուցիչներ քննարկել են COVID-19-ի հետևանքով առաջացած խնդիրներն ու մարտահրավերները, համայնքների արձագանքն այդ մարտահրավերներին, ներկայացրել իրենց համայնքների փորձը։ Սևան, Արենի, Վարդենիս համայնքների ներկայացուցիչները, որտեղ ելումուտի սահմանափակումներ են կիրառվել, աշխատաժողովի մասնակիցներին ներկայացրել են ստեղծված իրավիճակին արձագանքելու իրենց կողմից մշակված գործողությունների ծրագիրը։
Առաջարկվել է համայնքների համար մշակել արտակարգ իրավիճակներում համայնքների համար գործողությունների ուղեցույց, որը հետագայում կկիրառվի ամբողջ երկրում՝ հնարավորություն տալով համայնքներին՝ ժամանակին արձագանքել խնդիրներին:
Աշխատաժողովի երկրորդ մասը նվիրված էր համամասնական ընտրակարգին անցնելուն, ինչպես նաև ՀՀ հողային օրենսգրքում իրականացված օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ հարցերի քննարկմանը: Աշոտ Գիլոյանը տեղեկացրել է, որ օրենսդրական փոփոխություններ են նախատեսվում արտակարգ դրության ընթացքում ավագանու նիստերի առցանց անցկացման հնարավորության ստեղծման համար՝ որոշակի կանոնների սահմանմամբ, որոնք կներառեն. նիստի ձայնագրում, համայնքապետի կողմից արձանագրության ստորագրում և էլեկտրոնային փոստով ավագանու անդամների հաստատում:
«COVID-19 ճգնաժամը ոչ միայն մարտահրավեր է, այլ նաև հնարավորություն Հայաստանում նորարարությունների համար: Մի քանի ամիս առաջ մենք անգամ չէինք կարող մտածել ավելի քան 50 համայնքի հետ առցանց հանդիպում կազմակերպելու մասին: Սա միայն միտում չէ, սա դառնում է «նոր նորմալ» իրավիճակ, որը մեզ կուղեկցի նաև ճգնաժամից հետո»,- նշել է «Լավ կառավարում հանուն տեղական զարգացման» ծրագրի թիմի համաղեկավար պարոն Պիեռ Բոնիֆասին:
Նշենք, որ «Լավ կառավարում հանուն տեղական զարգացման Հարավային Կովկասում» ծրագիրն իրականացվում է ԳՄՀԸ կողմից՝ Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության պատվիրակմամբ և Հայաստանում ՇԶՀԳ համաֆինանսավորմամբ: Ծրագիրն իրականացվում է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ համատեղ: