Արցախի ԱԳՆ-ն հանդես է եկել հայտարարությամբ:
«Արցախը Հայաստանի Հանրապետությանը կապող ճանապարհի կառուցման վերաբերյալ Ադրբեջանի ԱԳՆ և Եվրախորհրդարանի երեք պատգամավորների համաժամանակյա հայտարարությունների կապակցությամբ անհրաժեշտ ենք համարում նշել հետևյալը.
նախևառաջ` կարևոր է ընդգծել, որ նոր ճանապարհների կառուցումը և Արցախի Հանրապետությունում այլ հաղորդակցության նախագծերի իրականացումը, որոնք անհրաժեշտ են նրա անվտանգ զարգացումն ապահովելու և քաղաքացիների ազատ տեղաշարժի հնարավորություններն ավելացնելու համար, Արցախի իշխանությունների ինքնիշխան իրավունքն ու պարտականությունն է: Արցախի Հանրապետության որևէ նախագիծ հարևան Ադրբեջանի հետ համաձայնեցնելու կոչերը զուրկ են ցանկացած իրավական հիմքից և տրամաբանությունից:
Արցախը Հայաստանի Հանրապետությանը և արտաքին աշխարհին կապող հաղորդակցության նախագծերի իրականացումը հատկապես արդիական է Արցախը մեկուսացնելու Բաքվի շարունակական փորձերի ֆոնին՝ շահարկելով միջազգային իրավունքի առանձին սկզբունքներ: Միևնույն ժամանակ, Ադրբեջանի իշխանությունները նույնիսկ չեն թաքցնում, որ շրջափակումը, ներառյալ՝ օդային շրջափակումը, դիտարկում են որպես Արցախի և նրա բնակիչների ֆիզիկական ոչնչացմանն ուղղված իրենց ընդհանուր ռազմավարության բաղկացուցիչ մաս: Ադրբեջանի անմարդկային քաղաքականության ցուցիչներից են քաղաքացիական ինքնաթիռներ խոցելու Ադրբեջանի իշխանությունների սպառնալիքները:
Հատկանշական է, որ Ադրբեջանի իշխանությունները բացահայտորեն ի ցույց են դնում միջազգային իրավունքի նկատմամբ իրենց քամահրական վերաբերմունքը: Միջազգային իրավունքի նկատմամբ Ադրբեջանի վերաբերմունքի բուն էությունը Ադրբեջանի նախագահի հետևյալ արտահայտությունն է՝ «այսօր միջազգային իրավունքն աշխարհում չի գործում, միջազգային պայմանագրերը պարզապես թղթի կտոր են, ոչ մի արժեք չունեն»:
Երկրորդ՝ Եվրախորհրդարանի առանձին պատգամավորների հայտարարությունն իրենց անձնական կարծիքն է, որը չի համապատասխանում Եվրոպական խորհրդարանի կողմից նախկինում ընդունված փաստաթղթերին, այդ թվում նաև՝ Արցախի շրջափակման անթույլատրելիության մասին բանաձևերին: Այն փաստը, որ հայտարարության հեղինակներից ոմանք արժանացել են Ադրբեջանի պետական պարգևների, մեծապես բացատրում է, թե ինչու է նրանց դիրքորոշումը լիովին համընկնում պաշտոնական Բաքվի դիրքորոշման հետ: Եվրախորհրդարանականների հայտարարության կողմնակալ և ոչ օբյեկտիվ բնույթն այնքան ակնհայտ է, որ չի կարող որևէ օգտակար ուղերձ պարունակել և դրական դեր խաղալ «փոխվստահությանը, խաղաղությանը և հաշտեցմանը նպաստող պայմանների ստեղծման» գործում, ինչի մասին նշված խորհրդարանականներն իբրև թե անհանգստանում են։
Առավել ցինիկ է հայտարարության հեղինակների փորձը՝ իրենց կողմնակալությունը քողարկել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո խաղաղ գործընթացի հանդեպ հոգատարությամբ։ Օգտագործելով քաղաքական շարժառիթներով պայմանավորված ձևակերպումներ, որոնք հակասում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տերմինաբանությանը և մոլորության մեջ գցում միջազգային հանրությանը ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության էության վերաբերյալ, եվրախորհրդարանականների այս եռյակն իրականում վնասում է խաղաղ գործընթացին։
Համոզված ենք, որ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության արդարացի կարգավորումը հնարավոր է միայն մարդակենտրոն մոտեցման հիման վրա: Մի ողջ ժողովուրդ մեկուսացնելու փորձերը, նրա ֆիզիկական ոչնչացման սպառնալիքները, մարդկանց անհատական և կոլեկտիվ իրավունքների իրացմանը խոչընդոտելը անցյալի մնացուկներ են և չեն կարող տեղ ունենալ ժամանակակից աշխարհում»,- նշված է հայտարարության մեջ: