ԱԺ հատուկ նիստում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանը տեսակետ հայտնեց, որ այս շրջանում շատերի գործողությունները հստակ նպատակադրված են պետական համակարգի թուլացմանը, և խոսքը ոչ միայն ապատեղեկատվության, այլև հստակ նպատակադրված գործողությունների մասին է։ Պատգամավորը վարչապետին հարցրեց՝ այս առումով իրավապահներն ի՞նչ քայլեր են կատարում:
Վարչապետ Փաշինյանն արձագանքեց, որ շատ մեծ ապատեղեկատվություն է տարածվում, որի նպատակը վստահության ճգնաժամ ստեղծելն է։
«Ուզում եմ հիշեցնել՝ նախկին կառավարող համակարգի հայեցակարգը հենց սրա վրա էր կառուցած, որ մեկ է՝ ոչինչ չի փոխվելու, ով էլ գա՝ նույնն է լինելու։ Այն ժամանակ փոփոխությունները սրանով կասեցվում էին, հիմա պոստ ֆակտում փորձ է արվում փոփոխությունների անիմաստության զգացում ներշնչել։
Բարեբախտաբար, թե դժբախտաբար մեր օրենսդրությունն այդ առումով շատ լիբերալ է, և ես չեմ կարծում, որ մենք պետք է գնանք այդտեղ ինչ-որ արհեստական փոփոխություններ անելու»,- ասաց վարչապետը։
Փաշինյանը վստահեցրեց, որ այդ երևույթները պայմանավորված են մի քանի քրեական գործերի ընթացքի հետ:
«Եթե մենք հետևողական լինենք այդ գործերը մինչև վերջ տանելու, նաև ապօրինի գույքի բռնագանձման մեխանիզմները հստակ գործարկելու համար, ես համոզված եմ, որ այդ հին համակարգի վերջին մնացուկները փլուզվելու են, և դրանով այդ պատմությունն ավարտվելու է»,- ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ պատգամավորի բարձրացրած հարցադրումը պետք է դիտարկել։
Վարչապետը նաև նշեց, որ իրավապահ մարմինները ուշադիր են, և երբ քրեական օրենսգրքի գիծ է հատվում՝ պետք է արձագանքեն: «Շատ դեպքերում քաղաքացիական իրավահարաբերությունների կարգով պետք է արձագանք լինի»,- նշեց վարչապետը: