ԱԺ հատուկ նիստում իր եզրափակիչ ելույթում վարչապետ Նիկոլ Փաշինյանը կրկնեց այն հայտարարությունը, որ այս օրերին Կառավարության անունից հնչում է ամեն օր ու բազմաթիվ անգամ։
«Խոսում է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Սիրելի հայրենակիցներ, ՀՀ-ում կորոնավիրուսի համաճարակ է։ Բոլորիդ կոչ ենք անում կրել դիմակներ, դրանք հանել միայն սնվելիս։ Դիմակը պետք է կրել այնպես, որ այն փակի քիթը և բերանը։ Պարբերաբար ախտահանեք ձեր ձեռքերը և չախտահանված ձեռքերով մի դիպեք դեմքին։
Պահպանեք 1,5 մետր սոցիալական հեռավորություն և բացառեք առանց դիմակի շփումը, խոսակցությունը ձեր ընտանիքի անդամ չհանդիսացող անձանց հետ։
Սիրելի հայրանկիցներ, կրեք դիմակներ և դրանով փրկեք հարյուրավոր կյանքեր։ Դիմակները անհրաժեշտ է փոխել 3-4 ժամը մեկ։ Կարող եք օգտագործել ոչ միայն գործարանային արտադրության դիմակներ, այլև ձեր կողմից ձեռքի տակ եղած միջոցներով պատրաստված դիմակներ, որի պատրաստման մասին ուղեցույցը հրապարակվել է»,- ասաց վարչապետը։
Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն հայտնեց բոլոր այն քաղաքացիներին, որոնք պահպանում են հակահամաճարակային կանոնները, և բոլոր այն քաղաքացիներին, որոնք թեկուզ մինչև հիմա չեն պահպանել այդ կանոնները, բայց անսալով այս կոչին՝ կսկսեն ճշգրտորեն պահպանել դրանք։
«Այս համաճարակից ելքը կախված է մեկ մարդուց և այդ մեկ մարդը դու ես։ Եվ այսպես՝ մեկ+մեկ+մեկ և հարյուր հազարավոր, միլիոնավոր քաղաքացիների ջանքերով, որոնք պահպանում են հակահամաճարակային կանոննները՝ առանց տուրք տալու էժան ապատեղեկատվությանը, ստահոդ լուրերին։ Եվ մենք միասին կհաղթենք։
Կեցցե՛ ազատությունը, կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը, և կեցցենք մենք և մեր երեխաները, որ պիտի ապրենք ազատ, երջանիկ, կորոնավիրուսից զերծ Հայաստանում»,- հայտարարեց վարչապետը։