Միացյալ Նահանգները մինչ օրս պաշտոնական որևէ քայլ չի ձեռնարկել Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից դուրս գալու ուղղությամբ՝ չնայած նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարություններին: Այս մասին հայտնել է ԱՀԿ ներկայացուցիչը և ավելացրել, որ համագործակցությունը ամերիկյան համապատասխան գերատեսչությունների հետ շարունակվում է: Խոսքը վերաբերում է ԱՄՆ Առողջապահության ազգային ինստիտուտին և հիվանդությունների վերահսկման և կանխարգելման դաշնային կենտրոններին:
Սպիտակ տան ազգային անվտանգության խորհուրդը հրաժարվել է ուղղակի մեկնաբանել Միացյալ Նահանգների ներկա կարգավիճակը ԱՀԿ-ում:
Նախագահ Թրամփը մայիսի 29-ին հայտարարեց, որ Վաշինգտոնը մտադիր է ամբողջովին դադարեցնել համագործակցությունը ԱՀԿ-ի հետ, քանի որ կազմակերպությունը հրաժարվում է բարեփոխումներ իրականացնել: ԱՄՆ նախագահը ԱՀԿ-ին մեղադրել է նաև Չինաստանի լիակատար վերահսկողության տակ գտնվելու համար: Ըստ Թրամփի՝ ՉԺՀ-ի իշխանություններն ու առողջապական կազմակերպության ղեկավարությունը նոր կորոնավիրուսի տարածումը կանխելու հարցում համապատասխան միջոցներ չեն ձեռնարկել: