Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 12-ին ստորագրել է կարգադրություն, որի համաձայն՝ հանրապետության բժշկական հաստատությունների և առողջապահության ոլորտի այլ պատասխանատուների ընդգրկմամբ նախագահին առընթեր ստեղծվել է մասնագիտական աշխատանքային խումբ՝ հանրապետությունում նոր կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) համաճարակի դեմ պայքարում ծագած խնդրահարույց հարցերը քննարկելու և նախագահին առաջարկություններ ներկայացնելու նպատակով:
Այսօր խմբի անդամների մասնակցությամբ ԱՀ նախագահ Հարությունյանը հրավիրել է խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են համաճարակի տարածման ինտենսիվության պարագայում արագ թեստավորման արդյունավետությանը, վարակի ռիսկի նվազեցմանը, ըստ հիվանդության ծանրության աստիճանի՝ հիվանդների տարբերակմանը, նրանց տեղավորմանն ու բուժմանը, ինչպես նաև դրանցից բխող անելիքների արդյունավետ կազմակերպմանն առնչվող հարցեր:
Նախագահը, կարևորելով քաղաքացիների առողջության պահպանումը, ոլորտի պատասխանատուներին հորդորել է ցուցաբերել հետևողական աշխատանք՝ միտված ստեղծված իրավիճակը պատվով հաղթահարելուն:
Խորհրդակցության ավարտին երկրի ղեկավարը ներկաներին տվել է խնդրահարույց հարցերն արագ ուսումնասիրելու և դրանց շուրջ մասնագիտական առաջարկներ ներկայացնելու հանձնարարականներ: