Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը Կառավարության արտահերթ նիստի ընթացքում ներկայացրեց արտակարգ դրությունը մեկ ամսով երկարաձգելու մասին հարցը:
Նախարարը նշեց, որ երեկվա դրությամբ հաստատվել է 14.669 դեպք, որոնցից 5466 առողջացած, 245-ը՝ մահվան ելքով:
«2020-ի մարտի 16-ից հետո դեպքերի թվի աճը կազմել է 14 639-ը: Ակնհայտ է, որ այն պատճառները, որով արտակարգ դրությունը հայտարարվել էր, շարունակում է գոյություն ունենալ, և դրանց արձագանքելու պատշաճ և արդյունավետ մեխանիզմն ապահովելու համար անհրաժեշտ է կրկին երկարաձգել արտակարգ դրության ժամկետը»,- նշեց Բադասյանը՝ հավելելով, որ արտակարգ դրության ժամկետը առաջարկվում է երկարաձգել մինչև հուլիսի 13-ը՝ ժամը 17:00-ն:
Նախարարը հիշեցրեց, որ սա երրորդ երկարաձգումն է ու հավելեց՝ նոր փոփոխություններ կան:
«Առաջարկվում է արտակարգ դրության ընթացքում սահմանափակել հարկադիր կատարումն ապահովող ծառայության լիազորությունները, որ վերջինս հնարավորություն ունենա արգելանք չդնել կամ բռնագանձում չտարածել այն դրամական միջոցների վրա, որոնք տրամադրվել են ֆիզիկական կամ իրավաբանական անձանց՝ կորոնավիրուսի հետևանքով սոցիալական խնդիրները կանխարգելելու կամ հետևանքները չեզոքացնելու համար»,- նշեց Բադասյանը՝ հավելելով, որ ունենք դեպքեր, երբ իրավաբանական անձինք որոշակի սոցիալական աջակցություն են տալիս որոշակի խմբերի, և քանի որ հարկադիր կատարումն ապահովվող ծառայությունը արդեն իսկ արգելանք էր դրել կատարողական վարույթի շրջանակում, նշված սոցիալական աջակցությունը չի ծառայում իր նպատակին:
Հանվել է նաև համաճարակաբանական լարված իրավիճակ ունեցող երկրների ցանկ սահմանելու իմպերատիվ պահանջը՝ դա թողնելով ըստ իրավիճակի՝ առողջապահության նախարարի կողմից սահմանելուն: