Դժվար է ասել՝ եթե դիմակների պարտադիր կրման խստացման պահանջը չլիներ, օրական քանի նոր դեպք կարձանագրվեր՝ 600, թե՞ 800: Այդ մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
«Ասել, որ միջոցառումները ոչ էֆեկտիվ են, շատ դժվար է, քանի դեռ շատ վերջնական ու շատ հետո այդ ամենը չես գնահատում:
Որպես օրինակ ասեմ. նախնական գնահատականներով՝ 15 հազար դեպքի մենք պետք է հասած լինեինք ամսի 9-ին, բայց հասել ենք ամսի 12-ին, ինչը լավ է, բայց միևնույն է՝ մեծ թիվ է, և այդ մեծ թվին մենք պետք է անդրադառնանք իջեցման տեսանկյունից»,- նշեց նախարարը՝ հավելելով, որ հզորությունները զարգացնելուն զուգընթաց՝ պետք է ծանր և ծայրահեղ ծանր վիճակում գտնվող անձանց թվին շատ ուշադրություն դարձնենք, քանի որ ծանր և ծայրահեղ ծանր վիճակում գտնվողների մահացության տոկոսը շատ մեծ է:
Նախարարը նշեց նաև, որ բոլոր գործողությունները պետք է տանեն թվերի զսպմանը, որովհետև մեծ թվերը բերում են մահացության մեծ թվերի: