Հյուսիսային Կորեան Միացյալ Նահանգներին հորդորում է չմիջամտել Կորեաների հարաբերություններին, քանի որ Վաշինգտոնը դրա իրավունքը չունի: Այս մասին տեղեկացնում է ТАСС գործակալությունը:
Հյուսիսային Կորեայի արտգործնախարարությունից հայտնում են, որ Հյուսիսային ու Հարավային Կորեաների հարաբերությունները ներքին խնդիր են և առնչվում են միայն այդ երկրներին, հետևաբար, ոչ ոք իրավունք չունի միջամտելու այդ գործին:
Պաշտոնական Փհենյանը խիստ քննադատել է Սեուլի հետ գործակցությունը վերականգնելու Միացյալ Նահանգների պետքարտուղարության հայտարարությունը:
Ավելի վաղ Հյուսիսային Կորեան հայտնել էր, որ արգելափակում է հարավային հարևանի հետ կապի բոլոր միջոցները, քանի որ Հարավային Կորեան օդապարիկներով հյուսիս էր ուղարկում հակաիշխանական թռուցիկներ: