ՀՀ պարետի որոշման պահանջների կատարման գործընթացն ապահովելու նպատակով ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի տրանսպորտի անվտանգության մասնագետները և ՀՀ ոստիկանության աշխատակիցները համատեղ վերահսկողական միջոցառումներ և մշտադիտարկումներ են իրականացրել Երևան քաղաքի Ավան վարչական շրջանում՝ կանոնավոր երթուղիներում շահագործվող տրանսպորտային և մարդատար տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցներում անվտանգության կանոնների պահպանման նկատմամբ։
Իրականացված վերահսկողական գործառույթների ընթացքում կրկին հայտնաբերվել են պարետի տված ցուցումների և կանոնների պահպանման մի շարք խախտումներ և թերություններ։
Մասնավորապես` միկրոավտոբուսի առջևի նստատեղին միաժամանակ երկու ուղևորի նստեցում, առանց ձեռնոցի վարորդ, ախտահանիչ հեղուկի բացակայություն, գերբեռնված փոխադրում։
Տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրում իրականացնողների դեպքում՝ վարորդի կողքին ուղևորի նստեցում, առանց դիմակի ուղևոր, առանց դիմակի և առանց ձեռնոցի վարորդ։
Արդյունքում՝ կանոնավոր երթուղիներում շահագործվող գերբեռնված ուղևորափոխադրում թույլ տված տրանսպորտային միջոցների, ինչպես նաև առանց դիմակի ուղևորափոխադրում իրականացնող վարորդների նկատմամբ կազմվել են վարչական արձանագրություններ։
Տեսչական մարմնի մասնագետների կողմից իրականացվել են նաև բացատրական և իրազեկման աշխատանքներ, վարորդներին տվել պարտադիր կատարման ցուցումներ՝ տեղում արձանագրված թերություններն անհապաղ շտկելու և վերացնելու ուղղությամբ։
Նշենք, որ ամենօրյա խիստ մշտադիտարկումներ և վերահսկողական աշխատանքներ են իրականացվում նաև մայրաքաղաքի այլ վարչական շրջաններում և մարզերում: