Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցներով իրականացնում է ՏԻՄ բարեփոխումների ծրագիր, որի բյուջեն կազմում է 8.600.000 դոլար: Ծրագրի թիրախում են Հայաստանի առաջին 13 խոշորացված համայնքները՝ Տաթև, Դիլիջան, Թումանյան, Ուրցաձոր, Վայք, Գորիս, Նոյեմբերյան, Կողբ, Այրում, Սարչապատ, Ամասիա, Աշոցք և Արփի: Գործընթացը ակտիվ ընթացքի մեջ է, և արդեն իրացվել է 5 մլն դոլարը, որի արդյունքում միավորված համայնքները ստացել են 61 միավոր կոմունալ տեխնիկա, 75 միավոր գյուղտեխնիկա, 1060 միավոր աղբի կոնտեյներներ, կառուցվել է 3 կայանատեղ, հասարակական տրանսպորտի 6 կանգառ, հիմնադրվել է 4 ինժեներական լաբորատորիա՝ 1 քաղաքային և 3 գյուղական դպրոցներում, ընթացքի մեջ է 5 արևային կայանների կառուցումը:
Համայնքների կարողությունների զարգացման արդյունքում վերջիններիս կողմից իրականացվել է մոտ 2350 կմ ներհամայնքային գրունտային և դաշտային / հողային ճանապարհների վերականգնում, մոտ 185 կմ ջրագծերի, ներքին ցանցերի և մայրուղիների վերանորոգում և անցկացում, մոտ 3160 կմ ձնահեռացում, ճանապարհների բացում, 40 գյուղական բնակավայրերում հիմնվել և անխափան գործում է աղբահանման ծառայություն, ավելի քան 75 կմ սելավատարների, բաց ջրատարների և գետերի հուների մաքրում, սպասարկվել են մոտ 2000 արտաքին լուսավորության սարքեր ու սյուներ, 13 համայնքներում ստեղծվել է 90 աշխատատեղ և այլն:
Ծրագրի իրականացման դրական արդյունքներից է նաև համայնքային բյուջեների եկամուտների ավելացումը:
Վերը նշվածը նվազագույն նկարագրությունն է այն ամենի, ինչ արվել և արվում է, այս ամենը գալիս է վերահաստատելու համայնքների խոշորացման արդյունավետությունը, և, որ ամենակարևորն է՝ ՀՏԶՀ-ի հայացքն ուղղված է մարզերին ու դրանց հզորացմանը, և մեր բոլոր ծրագրերը ասվածի վառ վկայությունն են: