«Արտաքին գերատեսչության ընդհանուր բարեփոխումների գործընթացը շարունակում է մնալ մեր օրակարգում և պահանջում է ծրագրավորում ու ժամանակ»,- հայտարարեց ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ ԱԺ արտաքին հարաբերությունների ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում։
«Մեր այսօրվա հարաբերակցությունը արտերկրում աշխատող դիվանագետների և կենտրոնական ապարատում աշխատողների մոտավորապես 40-ը 60-ի շրջանակում է։ Մեր անհրաժեշտ, կարևոր գործառույթներից մեկն է եղել ու մնում՝ ապահովել ծրագրավորված, կանխատեսելի, պլանավորված ռոտացիայի գործառույթը, որովհետև այդ անձնակազմն ամբողջությամբ ԱԳՆ անձնակազմն է»,-ասաց նախարարը։
Մնացականյանը շեշտեց, որ կա ծրագիր, որի շնորհիվ փորձում են շարունակաբար վերաձևափոխել այդ հարաբերակցությունը՝ ապահովելով 50 տոկոս արտերկրում աշխատողների և 50 տոկոս կենտրոնական ապարատում աշխատողների։ Ըստ Մնացականյանի՝ 2021 թվականի համար կա այդ տարբերությունը կրճատելու ծրագիր, և դա շարունակական գործընթաց է ու միանգամից չի կարող արվել, քանի որ նաև բյուջետային հարց է։
Նախարարը ներկայացրեց, որ եղած ռեսուրսներով ունեցել են հաստիքների վերաբաշխում ու ավելացում։ Քաղաքականության առումով կարևորագույն գործառույթը, ըստ նախարարի՝ հստակ ծրագրված ռոտացիայի իրականացումն է։ Մնացականյանն ասաց՝ արդեն անցել են նոր համակարգի, երբ ընդհանուր ռոտացիոն գործառույթներն իրականացվում են տարին երկու անգամ՝ տարվա կեսին և սկզբին։ Ծրագրավորումն արվում է 3-6 ամսվա ընթացքում։
ԱԳՆ նախարարը նշեց, որ ձգտում են ընդարձակ փորձի համար ռոտացիայի ծրագրավորումն այնպես ապահովել, որ մարդիկ իրենց կարիերայի ընթացքում աշխատեն տարբեր տարածաշրջաններում։ Նախատեսվում է, որ ռոտացիոն նման համակարգը կիրականացվի այս տարվա օգոստոսին։