ՊԵԿ նորանշանակ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի քրգործին:
Նոր հանգամանքների վերաբերյալ Հովհաննիսյանը նշեց, որ ՊԵԿ-ը հաղորդագրությունը հրապարակել է՝ հաշվի առնելով նաև նախաքննության գաղտնիությունը:
«Տվյալ քրեական գործի հետ կապված նախաքննության գաղտնիության սահմանները հաշվի առնելով՝ թույլատրելիի շրջանակներում ՊԵԿ-ը պարբերաբար տեղեկատվություն տարածում է՝ հաշվի առնելով հանրային իրազեկվածության պահանջը և հանրային հետաքրքրվածության բարձր աստիճանը: Մինասյանի կողմից ենթադրյալ թույլ տրված արարքների վերաբերյալ մեր հաղորդագրությունում պատշաճ տեղեկատվություն արդեն տրամադրված է»,- տեղեկացրեց Էդվարդ Հովհաննիսյանը:
ՊԵԿ նախագահը նշեց, որ վարույթ իրականացնող մարմինը դեռ չի ստացել Վերաքննիչ դատարանի կայացրած որոշման օրինակը՝ Մինասյանին կալանավորելու միջնորդությունը մերժելու մասին: Հետևաբար հիմքերին անդրադառնալը Հովհաննիսյանը համարեց վաղ:
«Որոշումը ստանալուց և դրան ծանոթանալուց հետո ընթացք կտրվի: Ինչ վերաբերում է բեկանելուն, Վերաքննիչ դատարանը, ըստ նախնական տեղեկությունների, կալանքի վերաբերյալ միջնորդության քննության հարցը վերադարձրել է առաջին ատյանի դատարան՝ նոր քննության»,- տեղեկացրեց Հովհաննիսյանը՝ հավելելով, որ ավելի կոնկրետ կխոսի որոշումը ստանալուց հետո:
Ծխախոտի մաքսանենգության մասին Միքայել Մինասյանի հայտարարությանն անդրադառնալով՝ ՊԵԿ նախագահը տեղեկացրեց, որ բացի նրա պնդումներից՝ որևէ այլ փաստարկ ու հիմնավորում առկա չեն: «Այդ տեղեկությունները ուղղակի հերյուրանք եմ համարում, քանի որ փաստարկ, որևէ հիմնավորում այդ մասին չկան»,- շեշտեց Էդվարդ Հովհաննիսյանը, հավելելով, որ ՊԵԿ-ը այլ պետությունների մաքսային մարմիններից չի ստացել որևէ պաշտոնական գրություն՝ արտահանված ծխախոտի մաքսանենգ լինելու վերաբերյալ: