Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ ՌԴ արտաքին գործերի նախարարի հետ ունեցած երեք հեռախոսազրույցների մասին էլ հրապարակվել է, և հայ-ռուսական դիվանագիտական երկխոսությունը միայն այդ հեռախոսազրույցներով չի իրականացվում։
«Մեզ մոտ օրակարգն այնքան լայն է, այնքան բան ունենք խոսելու նախարարների և գերատեսչություների մակարդակով։ Ունենք ընդարձակ օրակարգ՝ երկկողմ բնույթի»,- ասաց նախարարը՝ ընդգծելով, որ բավականին մեծ ծավալի համագործակցություն կա ՀԱՊԿ-ի, ԵԱՏՄ-ի, ԱՊՀ-ի շրջանակներում։ Հիշեցրեց, որ հեռախոսազրույցներ տեղի էին ունենում այն շրջանում, երբ տեսակապի միջոցով անցկացվում էին նախարարական հանդիպումներ։
Մնացականյանն ընդգծեց, որ այդ շրջանակներում կան բազմաթիվ ծրագրված գործառույթներ նաև միջազգային այլ հարթակներում միասնական դիրքորոշում արտահայտելու։ Դրանք ևս քննարկվել են։
Նախարարը չցանկացավ անդրադառնալ հարցին, թե ի՞նչ քայլեր են արվում Հայաստանում հետախուզման մեջ գտնվող նախկին պաշտոնյաների հարցով, որոնք այժմ ՌԴ-ում են։ Մնացականյանը նշեց, որ այդ հարցերը դատաիրավական բնույթի են։ Իսկ հարցին, թե նման խնդիրները չե՞ն ազդում երկկողմ հարաբերությունների վրա, նախարարը շեշտեց՝ հայ-ռուսական հարաբերություններն այնքան մեծածավալ են, որ դա կոնկրետ չի ազդում հարաբերությունների վրա։