Պարետատան նիստից հետո անցկացվող ճեպազրույցի ընթացքում «Շտապօգնության» Կենտրոն ենթակայանի սրտի վերակենդանացման բրիգադի բժիշկ Տիգրան Գևորգյանն ընդգծեց, որ այս օրերին շտապօգնությունն իր կազմով կատարում է ահռելի ծավալի աշխատանք։
«Խոսքը վերաբերում է թե մեկ բուժհաստատությունից հիվանդներին մեկ այլ բուժհաստատություն տեղափոխելուն, որպեսզի նրանց ախտորոշման, բուժման գործընթացն էլ ավելի արդյունավետ կատարվի, այլև հիվանդների հոսպիտալացումներին, տնային կանչերի բժշկական ապահովմանը»,- ասաց բժիշկը։
Գևորգյանը տեղեկացրեց, որ ըստ վերջին ցուցումների՝ հոսպիտալացման ենթակա չեն այն հիվանդները, որոնք ջերմում են 38 աստիճանից ոչ ավելի, արյան թթվածնով հագեցվածությունը կազմում է 93 և ավելի տոկոս, շնչառական շարժումների թիվը րոպեում 22-ից պակաս է։ Հայտնեց նաև, որ այն վարակակիրները, որոնք ավելի լավ վիճակում են, քան նշված ցուցանիշներով քաղաքացիները, ենթակա են բուժապահովման պոլիկլինիկաների կողմից։
Բժիշկն ասաց, որ հիվանդները երբեմն պոլիկլինիկա դիմելու փոխարեն կրկին դիմում են շտապօգնություն, չեն ուզում սպասել, երբեմն էլ պետք է լինում հոգեբանական աջակցություն ցույց տալ այն հիվանդներին, որոնք պարզապես վախեցած են հիվանդությունից, բայց ենթակա չեն հոսպիտալացման։
Գևորգյանը նշեց, որ իրենց ծառայության որոշ գործընկերներ այս պահին աշխատանքի են անցել կորոնավիրուսային կենտրոններում, և այդ պատճառով շտապօգնության բժիշկների թիվը մի փոքր պակասել է։ Սակայն շեշտեց՝ շտապօգնությունն իր ողջ անձնակազմով անում է հնարավոր ամեն ինչ, որպեսզի այդ բացը որևէ կերպ չզգացվի։ Տեղեկացրեց նաև, որ կանչերի թիվը համավարակի ընթացքում աճել է։ Մեծ մասը կազմում են ջերմող հիվանդները։