Այսօր մեզ համար շարունակում են մեծ խնդիր մնալ հավաքույթները՝ հարսանիքներ, ծնունդներ, հոգեհանգիստներ, թաղումներ: Այդ մասին պարետատան նիստից հետո հրավիրված ճեպազրույցում ասաց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը:
Նա նշեց, որ դա մեծ խնդիր է վարակի տարածման առումով, և հանրության զգալի հատվածը շարունակում է դրան զգացմունքային վերաբերվել: «Յուրաքանչյուրիս գործողությամբ կարող են փրկվել կյանքեր, և յուրաքանչյուրիս անգործությամբ կարող են արձանագրվել մահեր: Եվ էական չէ, թե սգո արարողության ժամանակ հանգուցյալը կորոնավիրուսից է մահացել, թե այլ հիվանդությունից, այդտեղ գտնվող մարդը կարող է հետագայում վարակի տարածման աղբյուր հանդիսանալ»,- ասաց նախարարը:
Ս.Պապիկյանի խոսքով՝ ՏԻՄ-երի ղեկավարներին հանձնարարություն է տրվել վերահսկել հոգեհանգստի արարողությունները, թույլ չտալ պարետի որոշմամբ սահմանված թվաքանակից ավելի մարդու ներկայություն: «Ես հորդորում եմ լսել համայնքի ղեկավարների, ոստիկանության հորդորը, սա պարզապես արգելք չէ, և որևէ մեկի քմահաճույքը չէ, սա մեր պարտքն է կանխարգելել վարակի տարածումը»,- ասաց նա՝ հավելելով, որ արգելքով չէ միայն, որ պետք է հաղթահարել վարակը, այլ հանրային բարձր գիտակցությամբ: