Կառավարության նիստի մեկնարկին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց ԱԱԾ նորանշանակ տնօրեն Արգիշտի Քյարամյանին ու նորանշանակ ոստիկանության պետ Վահե Ղազարյանին:
Վարչապետը նաև տեղեկացրեց, որ կառավարության նիստին ԿԲ նախագահի կարգավիճակով վերջին անգամ մասնակցում է Արթուր Ջավադյանը: Փաշինյանը շնորհակալություն հայտնեց Ջավադյանին կատարած աշխատաքի համար, և հավելեց. «Դուք կշարունակեք ներգրավված մնալ մեր ընդհանուր գործերին: Այդ մասին մենք որոշում կկայացնենք»:
Վարչապետ Փաշինյանը առողջապահության նախարարից հետաքրքրվեց, թե ինչ իրավիճակ է երկրում կորոնավիրուսի համավարակի հետ կապված:
Առողջապահության նախարարը տեղեկացրեց, որ վերջին տվյալներով հանրապետությունում գրանցվել են 566 նոր դեպքեր, որը նախորդ օրվա համեմատ աճել է, բայց մեծ է եղել նաև հետազոտությունների թիվը:
«Արվել է 2233 թեստ՝ նախօրդ օրվա 1751-ի փոխարեն: Դրական նոր թեստերի տոկոսը գրեթե նույն է՝ 25 տոկոս՝ նախորդ օրվա 24 տոկոսի համեմատ: Ցավոք պետք է նշեմ, որ ունենք 18 մահվան դեպք: Ընդհանուր մահերի թիվը դառնում է 245: Մահճակալային ֆոնդի տեսանկյունից երեկվա դրությամբ ունեցել ենք հարաբերականորեն կայուն ծանրաբեռնվածություն: Մոտ 500 հոգի ծանր և ծայրահեղ ծանր հիվանդ ենք ունեցել: Սակայն կարող եմ փաստել, որ հիմնական մեծ վերակենդանացման բաժանմունքներում ազատ տեղեր եղել են այդպիսի կարիք ունեցող պացիենտներին տեղափորելու համար»,- նշեց նախարար Թորոսյանը:
Անդրադառնալով հոսպիտալացման կարիք ունեցողներին, նախարարը նշեց, որ այս պահին կա 32 հոգի:
«Նրանցից 4-ն են տանը, մնացածները հիվանդանոցներում են և պետք է տեղափոխվեն կորոնավիրուսային բաժանմունքներ կամ հիվանդանոցներ: Իրավիճակը շարունակում է մնալ լարված, բայց հզորությունների զարգացմանը զուգընթաց՝ այդ լարվածությունը կոմպենսացվում է մեր հնարավորությունների աճով, սպասարկման հնարավորություններով»,- նշեց նախարարը՝ կոչ անելով պահել բոլոր կանոնները, որ հնարավոր լինի արձանագրել հիվանդության ցուցանիշի նվազում: