Հունիսի 10-ին տեղի է ունեցել ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Ա. Թումանյանի հանդիպումն ԻԻՀ ԱԳՆ Կովկասի վարչության պետ Մ. Ֆաղանիի հետ:
Դեսպան Թումանյանը Մ. Ֆաղանիին տեղեկություններ է ներկայացրել ԻԻՀ-ում ՀՀ դեսպանության առջև հունիսի 9-ին տեղի ունեցած բողոքի հավաքի մասին:
Մ. Ֆաղանին, նշելով Թել Ավիվում ՀՀ դեսպանության բացման կապակցությամբ որոշակի դժգոհությունների մասին, վստահություն է հայտնել, որ այն չի կարող խաթարել երկու երկրների հարաբերությունները:
ՀՀ դեսպանը հիշեցրել է, որ մարտի 15-ին ԻԻՀ ԱԳՆ Եվրասիայի գլխավոր վարչության պետ Ա. Հաղիղիանի հետ հանդիպման ժամանակ հանգամանորեն ներկայացվել են Թել Ավիվում ՀՀ դեսպանության բացման հիմնական նպատակները` երկկողմ փոխշահավետ հարաբերությունների զարգացում, Մերձավորարևելյան տարածաշրջանում Հայաստանի ներկայացվածության ամրապնդում և Երուսաղեմում հայ պատմամշակութային հարուստ ժառանգության պահպանություն:
Կապված Մ. Ֆաղանիի դիտարկման հետ առ այն, որ որոշ շրջանակում կարող են մտահոգություններ լինել Իրանի հարևան երկրում Իսրայելի ազդեցության ուժեղացման առնչությամբ՝ դեսպան Թումանյանը նշել է, որ երբևէ Հայաստանը չի ընդգրկվել հակաիրանական որևէ քաղաքական նախագծի մեջ, և այսուհետ ևս բացառվում է իրադարձությունների նման ընթացքը:
ՀՀ դեսպանն ընդգծել է, որ հայ-իրանական բարեկամական հարաբերությունները եղել և մնում են Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից մեկը:
Մ. Ֆաղանին իր համաձայնությունն է հայտնել ՀՀ դեսպանի բազմիցս արտահայտած այն դիրքորոշմանը, որ Հայաստան-Իրան հարաբերությունները երկուստեք պայմանավորված չեն երրորդ երկրների հետ ունեցած հարաբերություններով:
Մ. Ֆաղանին հստակ կերպով ընդգծել է, որ հայ-իրանական հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա: Նա նշել է, որ իրանական կողմը շարունակում է երկկողմ և բազմակողմ ձևաչափերով արդյունավետ կերպով համագործակցել Հայաստանի հետ և հույս հայտնել, որ համավարակի հաղթահարումից հետո կկայանան արդեն պայմանավորված բարձր մակարդակի հանդիպումները: Նա գոհունակությամբ նշել է, որ համավարակի պայմաններում երկու երկրները շարունակում են պահպանել համագործակցության բարձր մակարդակը:
Զրուցակիցներն անդրադարձել են տնտեսական (այդ թվում՝ ԵԱՏՄ շրջանակում), մշակութային, հումանիտար և այլ ոլորտներում համագործակցության հետագա ակտիվացման անհրաժեշտությանը, ինչպես նաև միջխորհրդարանական կապերի ամրապնդման խնդիրներին: