Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն» ՊՈԱԿ-ի Հադրութի շրջանային բաժնի մասնագետները թեստավորման համար նմուշառում են իրականացրել շրջանի մի շարք համայնքների բնակիչներից:
Նշված քաղաքացիները Ստեփանակերտ քաղաքից ժամանած և համայնքներից մեկում սգո արարողության մասնակցած քաղաքացու շփման շրջանակից են։ Նմուշառված բոլոր բնակիչները մեկուսացված են։ Բաժնի մասնագետների կողմից տեղերում իրականացվել են նաև ախտահանման աշխատանքներ, որոնք պարբերական բնույթ կկրեն:
Նշենք, որ ԱՀ պարետ Գրիգորի Մարտիրոսյանի որոշմամբ՝ ս․թ․ հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ից, Հադրութի շրջանի Հարթաշեն, Ակնաղբյուր, Քուրաթաղ և Ուխտաձոր համայնքներում կիրառվում են ժամանակավոր սահմանափակումներ։
Հավելենք նաև, որ շրջանում նոր տիպի կորոնավիրուսային վարակի հաստատված դեպք այս պահին չկա։