Կորոնավիրուսի հաղթահարումից հետո և նույնիսկ դրանից առաջ մենք պետք է քննենք շատ քաղաքական ուժերի պահվածքը համավարակի շրջանում և հանրայնորեն գնահատական տանք, թե նրանց գործողությունները որքանով են նպաստել համավարակի հաղթահարմանը և հակառակը՝ որքանով են նպաստել համավարակի տարածմանը: Այդ մասին պարետատան նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով լրատվամիջոցներից մեկի հարցին ընդդիմախոսների հայտարարությունների վերաբերյալ, թե կառավարությունը ձախողել է համավարակի դեմ պայքարը:
Նա նշեց, որ քննություն պետք է ծավալել՝ հասկանալու, թե որոշակի քաղաքական շրջանակներ արդյոք կապ ունե՞ն կեղծ լուրերի տարածման հետ: «Պատերազմի ժամանակ քայքայիչ գործողություն ծավալող մարդիկ և ուժերն արժանանում են համապատասխան գնահատականի, և որևէ մեկը չկասկածի, որ այն ուժերը, որոնց քայքայիչ գործողություններ ծավալելը կլինի ապացուցելի, նրանք արժանանալու են համաժողովրդական գնահատականի»,- ասաց Փաշինյանը:
Նա հայտարարեց, որ Հայաստանը կորոնավիրուսի դեմ պայքարում պարտվել է այնքան, որքան մարդկությունը, աշխարհը՝ ԱՄՆ-ն, Ֆրանսիան, Բելգիան, Մեծ Բրիտանիան, Ռուսաստանը, Շվեդիան, Գերմանիան: Վարչապետը վստահ է, որ ՀՀ-ն այսօր խնդիրներ ունի կորոնավիրուսի դեմ պայքարում այնքան, որքան ունեն այդ երկրները և ողջ մարդկությունը:
«Արդյոք որոշ ուժեր ունե՞ն պրոբլեմներ համավարակի շրջանում: Կան ուժեր, որոնք ոչ միայն պրոբլեմ չունեն, այլև կյանքը նրանց համար դարձել է ավելի «լուսավոր» կամ ավելի «բարգավաճ», և նրանք իրենց համար այս վիրուսային իրավիճակում տեսնում են վերածնվելու հնարավորություն: Շատ կարևոր է գնահատել՝ ովքեր են իրենց վատ զգում կորոնավիրուսի միջավայրում և ովքեր են լավ զգում այդ միջավայրում: Ես կարող եմ հստակ արձանագրել, որ ՀՀ Կառավարությունը և ժողովուրդն իրենց այդքան էլ լավ չեն զգում կորոնավիրուսի միջավայրում: Կորոնավիրուսի դեմ պայքարը չի ավարտվել, այն նոր է սկսվել, երբ ավարտվի, կամփոփենք արդյունքները:
Եթե վերադառնանք պատերազմին, ապա դա նույնն է, որ 1992 թվականի փետրվարին սկսեր շարժում, որ Հայաստանն ու Արցախը պարտվել են Արցախյան պատերազմում: Հիմա 1992-ի փետրվարը չէ, այլ 1991-ի դեկտեմբերն է, և նրանք, ովքեր ուզում են արձանագրումներ անել, կստանան հակաարձանագրումներ: Երբ կավարտվի կորոնավիրուսը, կվերցնենք թուղթ ու գրիչը, կարձանագրենք՝ ով որքան է հաղթել, ով որքան է պարտվել, և ՀՀ-ն ինչ է կորցրել և ստացել դրա արդյունքում»,- ասաց Կառավարության ղեկավարը: