Ծանրամարտի՝ օլիմպիական ծրագրում մնալու հարցը քննարկվում է՝ հայտնել է Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախը:
Բախը հայտարարել է, որ ծանրամարտի՝ օլիմպիական ծրագրերում մնալու հարցը կորոշվի միայն այն բանից հետո, երբ հայտնի դառնան Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայում (IWF) անցկացվող ամբողջականության ու վերահսկողության հանձնաժողովի ստուգումների արդյունքները։
Հիշեցնենք, որ ծանրամարտի տեղը Օլիմպիական խաղերում վտանգի տակ էր հայտնվել, երբ փաստաբան Մակլարենը անկախ զեկույցում ներկայացրել էր Տոմաշ Այանի նախագահության ժամանակ թույլ տրված անօրինականությունները։ Քննչական խումբը պարզել է, որ IWF-ի հաշիվներից բացակայում է 10,4 միլիոն դոլար, իսկ 40 դրական դոպինգ փորձարկումները կոծկվել են։ Ընդ որում՝ զեկույցի 2-րդ մասը դեռևս չի էլ հրապարակվել։
Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահը հայտնել է, որ IWF-ի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Ուրսուլա Պանադրեան պատրաստակամություն է հայտնել աջակցելու ծանրամարտի հակադոպինգային համակարգը լիովին անկախ ու արդարացի դարձնելուն։
Օլիմպիական կոմիտեի նախագահը նաև շեշտել է, որ քննության մեջ ներգրավված մարդիկ չեն մասնակցի Տոկիոյի Օլիմպիական խաղերի կազմակերպմանը վերաբերող քննարկումներին։