Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացրել իր և իր ընտանիքի՝ գույքի և եկամուտների տարեկան հայտարարագիրը։
Նիկոլ Փաշինյանի բանկային հաշիվների դրամական միջոցները 2019-ի վերջին կազմել են 3,3 միլիոն դրամ և 316 ԱՄՆ դոլար: Փաշինյանը հայտարարագրել է նաև 1800 դոլարի և 790000 դրամի կանխիկ միջոցներ, որոնք տարվա ընթացքում չեն փոխվել։
Վարչապետի աշխատավարձից գոյացած եկամուտը կազմել է 11,6 միլիոն դրամ, իսկ 2018-ին «Անտարեսի» հրատարակած «Երկրի հակառակ կողմը» գրքից կազմել է 2,4 միլիոն դրամ։
Նախորդ տարվա ընթացքում իրեն պատկանող 2011 թվականի արտադրության Hyundai մակնիշի մեքենան վարչապետը վաճառել է 4,5 միլիոն դրամով։
Վարչապետի կինը՝ Աննա Հակոբյանը, հայտարարագրել է 2009-2010 թվականներին ձեռք բերած երեք մեքենա՝ Nissan (2008), Renault (2006) և VAZ (2004) մակնիշի:
Աննա Հակոբյանը նաև հայտարարագրել է Շենգավիթ վարչական շրջանում գտնվող երկու բնակարանները։
Ըստ հայտարարագրի՝ Աննա Հակոբյանի բանկային մնացորդը կազմել է մոտ 905000 դրամ։
Հակոբյանը աշխատանքի վարձատրություն է ստացել «Դարեսկիզբ» ՍՊԸ-ից՝ 3,207 միլիոն դրամի չափով, «Մեր տպարանը» ՍՊԸ-ից՝ 1,8 միլիոն դրամի չափով։ «Դարեսկիզբ» ՍՊԸ-ից Հակոբյանը որպես վարձակալական վճար ստացել է 1,6 միլիոն դրամ, իսկ նույն ՍՊԸ-ից փոխառություն է ստացել 7,968,000 դրամ։
Վարչապետի ավագ դուստրը՝ Մարիամ Փաշինյանը, հայտարարագրել է 2,082,476 դրամ «Դիջիթեյն» ՍՊԸ-ից՝ որպես աշխատանքի վարձատրություն: