Պարետատան նիստից հետո անցկացվող ճեպազրույցի ընթացքում, անդրադառնալով հարցին, թե Հայաստանը պատրաստվում է միջազգային հանրությունից օգնություն խնդրել՝ ինչպես ֆինանսական, այնպես էլ բժիշկների և դեղորայքի տեսքով, ընդգծեց, որ օգնություն պատրաստվում են խնդրել առաջին հերթին Հայաստանի քաղաքացիներից։ Վարչապետն ասաց՝ մեր ուղերձը հետևյալն է․
«Սիրելի՛ հայրենակիցներ, օգնե՛ք մեզ՝ օգնենք ձեզ, և եկեք իրար օգնենք, որ այս խնդիրը հաղթահարենք։ Դրա համար պետք է անել շատ պարզ բան՝ կրել դիմակ ու ճիշտ կրել, պարբերաբար ախտահանել ձեռքերը և պահպանել սոցիալական հեռավորությունը։ Ընդհատակյա հարսանիքներ չանել, որովհետև ընդհատակյա հարսանիքները կարող են դառնալ ընտանեկան ողբերգություն։ Եթե այդ հարսանիքներում մեկ-երկու հոգի վարակվեն, և արդյունքում, Աստված չանի, մահ արձանագրվի, դա կարող է այդ երջանկությունը վերածել դժբախտության»։
Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ, ըստ վերլուծության, եթե թվերը մնան այս շաբաթ արձանագրված սանդղակում, ապա առողջապահության համակարգը պատրաստվել է այդ բեռը կրելուն։ Վարչապետը նաև ընդգծեց, որ կան նաև աջակցություններ բարեկամ երկրներից, որոնք պատրաստակամություն են հայտնում աջակցություն ցուցաբերել Հայաստանին։
«Մեզ համար շատ կարևոր է այդ բարեկամական ժեստերը չմերժել, որովհետև մենք կարծում ենք, որ, այո, դժվար պահին բարեկամները հստակ ընդգծվում են, և այն երկրները, որոնք մեր նկատմամբ կանեն բարեկամական ժեստ, իհարկե, այդ երկրների աջակցությունը կընդունենք»,- ասաց վարչապետը՝ շնորհակալություն հայտնելով ու կարևորելով համավարակի պայմաններում օգնության պատրաստ բարեկամ երկրների աջակցությունը։ Ասաց՝ մենք պատրաստ ենք դժվարին պահերին օգնել մեր բոլոր բարեկամներին։