Կառավարության այսօրվա նիստին տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը ներկայացրեց «Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթին հավանություն տալու և անհետաձգելի համարելու մասին նախագիծը:
Ըստ նախագծի՝ ներկայացվում են ընդերքօգտագործման լայն խումբ հարցեր՝ նշեց նախարարը՝ հավելելով, որ դրանք հիմնականում պատասխանատու ընդերքօգտագործող ունենալու, ընդերքը ռացիոնալ և արդյունավետ օգտագործելուն առնչվող հարցեր են:
«Առաջարկվում է ընդերքի ռացիոնալ օգտագործման նպատակով հնարավորինս բացառել հանքավայրերի և տեղամասերի մասնատումը և պաշարները տրամադրել ողջ հաշվեկշռային ծավալով: Սա մի կարևոր պատճառ ունի: Նախկինում եղել են դեպքեր, երբ հաստատված պաշարը բաժանվել է մի քանի հատվածների, ինչը հնարավորություն է տալիս ավելի բարձր արդյունավետություն ունեցող հատվածները օգտագործել, իսկ ավելի ցածր տոկոսայնություն ունեցողները՝ թողնել»,- նշեց Պապիկյանը՝ հավելելով, որ նախագիծը կբացառի նման հարցերը:
Նախարարը տեղեկացրեց, որ արդյունահանման թույլտվություններ կտրամադրվեն միայն այն հանքավայրերի դեպքում, որտեղ մետաղականի համար վերջին 5 տարվա ընթացքում գնահատվել ու հաստատվել են պաշարներ, իսկ ոչ մետաղականի դեպքում՝ վերջին 10 տարվա ընթացքում:
«Սա արվում է նրա համար, որ ցանկացած գործարար, որը ցանկանում է ներդրում կատարել, արդյունավետ շահագործում իրականացնել, նախ իրականացնի համապատասխան ուսումնասիրություն: Քանզի Հայաստանում բոլոր ուսումնասիրությունները հիմնականում 50-ականներին են կատարվել»,- ասաց Պապիկյանը:
Նախագծով նաև իրավունքի տրամադրման 50 տարվա առավելագույն ժամկետը կփոխվի 25 տարվա, իսկ ոչ մետաղականների համար առավելագույն ժամկետը կսահմանվի 15 տարին՝ նշեց գերատեսչության ղեկավարը: