Արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը, պատասխանելով պատգամավոր Արման Բաբաջանյանի հարցին, թե ի՞նչ է արվում ազատվելու դիվանագիտական կորպուսում աշխատող մարդկանցից, որոնք սովոր են հին ռեժիմով աշխատելունուն, և որոնց մասին հայտարարել է նաև վարչապետ Փաշինյանը, ասաց. «Վարչապետը հետևողական է ծառայության ամրապնդման, պրոֆեսիոնալացման ու կարողությունների զարգացման առումով՝ հավելելով,- Մեր քաղաքականության հիմքում դրված է ինքնիշխանության սկզբունքի իրականացումը։ Մեր անվտանգությունը, հավասարակշռությունը պահելու առումով կառուցել քաղաքականություն, որպեսզի խոցելիություն չստեղծի մեր ազգային շահերի համար այն հարցում, որն առնչվում է մյուս սուվերեն սուբյեկտների հետ»:
Նրա խոսքով՝ ինքնիշխանության սկզբունքը նշանակում է Հայաստանի շահերի ճիշտ ձևակերպում, գնահատում ու արտահայտում և դրանց տեղայնացումը բոլոր ուղղություններով։ Նախարարն ասաց, որ կառավարության ծրագրում արտաքին քաղաքականության գերակայությունները ձևակերպված են։
«Կան նաև հակասություններ, որոնք մեզնից դուրս են։ Կա բավականին դինամիկ քաղաքականության զարգացում Մերձավոր Արևելքում, որտեղ մենք ունենք էլի արտահայտված շահեր։ Մենք արդեն իսկ գործում ենք միջազգային օրակարգի բավականին հակասական միջավայրում։ Մեր հաշվարկն առաջին հերթին հիմնվում է մեր շահի վրա։ Մեկ բան, որ մենք իրականացրել ենք և հավատարիմ ենք մնում՝ բարդ բալանս է, բայց որևէ դեպքում մեկ գործընկերոջ հետ հարաբերույթունների զարգացումը մյուս գործւընկերոջ հաշվին՝ չի բխում Հայաստանի շահերից։ Սա անհրաժեշտ գործառույթ է։ Վարչապետն արտահայտվեց շատ պատկերավոր, բայց հիմնական գաղափարախոսությունը դա է ՝ ձևավորել այդ մոտեցումը որպես հիմնական, հիմնարար ուղղություն՝ քաղաքականությունը գնահատելու և հաշվարկելու կարողությունը քաղաքական գնահատական ձևավորելու»,- ասաց նա: