Կառավարության այսօրվա նիստին քննարկվեց Պետական սեփականություն հանդիսացող հատուկ մշակված համակարգում (բջջային հավելված) գրանցված նույն անձի կողմից նույն տրանսպորտային միջոցի վերաբերյալ էլեկտրոնային հաղորդում ուղարկելու ամսական և տարեկան առավելագույն քանակը, ինչպես նաև բջջային հավելվածի միջոցով արձանագրվող իրավախախտման տեսակները սահմանելու մասին հարցը:
Նորանշանակ ոստիկանապետ Վահե Ղազարյանը տեղեկացրեց, որ նախագծի ընդունման նպատակը քաղաքացիներին ճանապարհային կանոնների խախտումները նաև բջջային հավելվածի միջոցով բացահայտելու հնարավորություն տալն է:
«Հավելվածը հասանելի կլինի Հայաստանում մշտական բնակվող անձանց համար: Ընդ որում՝ հավելվածի միջոցով ստացված նյութի հիման վրա վարչական վարույթ ներկայացվելու է, եթե այն հնարավորություն կտա ներկայացնելու իրավախախտման ամրագրված ֆիզիկական անձին, իրավախախտման գործիք հանդիսացող ավտոմեքենայի համարանիշը, իրավախախտման ամրագրելու վայրը և ժամանակը:
Բացի այդ՝ այն պետք է ուղարկված լինի առցանց ռեժիմով՝ որպես իրավախախտման մասին էլեկտրոնային հաղորդում»,- ասաց ոստիկանապետը՝ հավելելով, որ մեկ օգտատիրոջ կողմից միևնույն տրանսպորտային միջոցի վերաբերյալ հնարավորություն է տրվում ուղարկել տարեկան 30 էլեկտրոնային հաղորդում:
Հավելվածի միջոցով հնարավոր կլինի արձանագրել առավել հաճախակի հանդիպող 12 տեսակի իրավախախտում՝ նշեց Ղազարյանը՝ հավելելով, որ նախագիծը քննարկվել է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի հետ:
Վարչապետը հավելեց՝ պետք է 12 իրավախախտումներին ավելանա ևս մեկը՝ մեքենայում մեկ անձից ավելի լինելու դեպքում դիմակ չկրելը:
Այս թեմայի շուրջ քննարկումներ ծավալվեցին:
«Իրավաչափ նպատակ է իրավախախտումների կանխարգելումը, բացահայտումը: Ունենք նաև անձնական տվյալների մշակման խնդիր, այստեղ պետք է հարաբերակցությունը նայել՝ որքան է համաչափ նպատակի համար իրավաչափ կիրառվող միջոցը: Կարող ենք խնդիրն այդ տեսանկյունից ուսումնասիրել և ձեր առաջարկի հիման վրա փորձենք լուծումներ գտնել»,- ասաց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը: