ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը շնորհավորական ուղերձ է հղել ԻԻՀ Մեջլիսի նախագահ Մոհամադ Բաղեր Ղալիբաֆին։ Ուղերձում ասված է.
«Ձերդ գերազանցություն,
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Իրանի Իսլամական Հանրապետության Մեջլիսի նախագահի բարձր և պատասխանատու պաշտոնում ընտրվելու կապակցությամբ և մաղթում հաջողություններ Ձեր առաքելության իրականացման գործում:
Մեծ ավանդ ունենալով Իրանի Իսլամական Հանրապետության պաշտպանության, անվտանգության, ինչպես նաև Թեհրանի կառավարման ոլորտներում` վստահաբար օրենսդիր իշխանության ղեկավարի պաշտոնում ևս Դուք ակնառու ձեռքբերումներ կունենաք:
Հայաստանը մեծապես կարևորում է մեր երկրների միջև գոյություն ունեցող դարավոր բարեկամական կապերն ու ջերմ հարաբերությունները: Այսօր մեր երկրների հարաբերությունների ընդհանուր օրակարգն ընդգրկում է շփումների լայն շրջանակ` մշակութային և միջկրոնական կապերից մինչև տնտեսական փոխգործակցություն:
Համոզված եմ, որ Ձեր պաշտոնավարման ընթացքում Հայաստանի և Իրանի միջև միջխորհրդարանական փոխգործակցությունը կշարունակի իր վերընթաց ուղին և նոր լիցք կհաղորդի մեր երկու երկրների միջև առկա համագործակցությանը` ի նպաստ մեր պետությունների և ի բարօրություն հայ և իրանցի բարեկամ ժողովուրդների:
Ընդունեք խնդրեմ, Ձերդ գերազանցություն, խորին հարգանացս հավաստիքը»,- ասված է ՀՀ ԱԺ նախագահի շնորհավորական ուղերձում: