Արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում պատասխանելով հարցին՝ Փաշինյան-Ալիև հանդիպում սպասվո՞ւմ է, թե՞ ոչ, ասաց. առաջին հերթին պետք է սպասել համավարակով պայմանավորված այս փուլի ավարտին, խոսեց նաև արտգործնախարարների մակարդակով աշխատանքը շարունակելու մասին:
«Մենք այս համավարակի շրջանում ունեցանք մեկ տեսակոնֆերանս երկու նախարարների և համանախագահների մասնակցությամբ: Դրանից բացի, մենք ուղղակի մշտական կապի մեջ ենք համանախագահների հետ: Առարկայական աշխատանքները շարունակելու համար անհրաժեշտ է համբերատար սպասել այն պայմաններին, երբ հնարավոր կլինի նորից հավաքվել և շարունակել մեր կանոնավոր աշխատանքները: Առավել ևս, որ ներկայիս պայմաններում կարևոր գերակայությունը այն միջավայրն ու անհրաժեշտ պայմանները պահպանելն է, որոնք չեն խոչընդոտի մեր աշխատանքների շարունակությունը: Հարցն առաջին հերթին վերաբերում է էսկալացիայի որևէ ռիսկի բացառմանը»,- ասաց Մնացականյանը:
Նախարարն անդրադարձավ հայ-թուրքական հարաբերությունների հնարավորությանը: Ասաց՝ Թուրքիայի հետ մեր հարաբերությունների առումով դժբախտաբար ունենք իրավիճակ, որի արդյունքում առնչվում ենք անվտանգային մարտահրավերի։
«Սա է իմ առաջին գերակա ֆոկուսը դրա վրա։ Թե ի՞նչ գործիքներով, ո՞նց, ինչպե՞ս ձևակերպել, քաղաքականություն իրականացնել՝ կախված է կոնկրետ իրավիճակներից։ Ամենահիմնական խնդիրը ներկայիս ընդհանուր միջավայրն է, որտեղ մենք ունենք լուրջ անվտանգային մարտահրավեր, որը ծագում է այդ հարաբերությունների բացակայությունից»,- շեշտեց Մնացականյանը: