Հայաստանում այսօրվա տվյալներով արձանագրվել է 566 նոր դեպք, և ուզում եմ վերլուծենք՝ ինչ է նշանակում այդ թիվը: Այդ մասին պարետատան նիստից հետո ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Դա արտահայտումն է, թե մենք 7-14 օր առաջ ինչպես ենք պահպանել հակահամաճարակային կանոնները, ինչ վարքագիծ ենք դրսևորել:
Մենք համոզված ենք, որ մեր կողմից սահմանված հակահամաճարակային կանոնների պահպանումը բերելու է դեպքերի զրոյացման: Այդ կանոնների պահպանումն արդյունքների է բերում 7-14 օր հետո, քանի որ հիվանդության ինկուբացիոն շրջանն այդքան է:
Այս թվերը ցույց են տալիս, որ մենք 7-14 օր առաջ չենք պահպանել այդ կանոնները, բայց այսօր մեր վարքագծով գծագրում, կազմակերպում և որոշում ենք, թե 7-14 օր հետո Հայաստանում վարակի քանի դեպք կարձանագրվի»,- նշեց Փաշինյանը:
Նա տեղեկացրեց, որ վաղը տեղի կունենա կառավարության արտահերթ նիստ, որում որոշում կկայացվի արտակարգ դրության երկարաձգման վերաբերյալ: «Որոշման կայացումից հետո տեղի կունենա ԱԺ հատուկ նիստ, և մենք կքննարկենք մեր արածի-չարածի և անելիքների մանրամասները»,- ասաց վարչապետը: