Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության նիստի ընթացքում նշեց, որ եթե այսօր ամբողջությամբ պահպանենք հակահամաճարակային կանոնները, ապա կարգապահությունն իր արդյունքները թվային առումով ցույց կտա մոտ մեկ շաբաթ անց:
«Այն թվերը, որ մենք այսօր տեսնում ենք, մեկ շաբաթ առաջվա մեր կարգապահության մակարդակն է»,- նշեց վարչապետը՝ կոչ անելով պահպանել երեք պարզ, բայց շատ կարևոր կանոնները:
Ըստ վարչապետի՝ արձանագրված դեպքերի 95 տոկոսն այդ կանոններին չհետևելու արդյունք է:
«Դեպքերի 95 տոկոսը հետևանք է դիմակ չկրելու, ձեռքերը չախտահանելու, սոցիալական հեռավորություն չպահպանելու»,- նշեց Փաշինյանը՝ հավելելով, որ լուրջ խնդիրներ են առաջացնում կանոնները հուղարկավորությունների ժամանակ չպահպանելը:
«Բազմաթիվ դեպքեր ենք ունենում և վարակի նոր օջախի պատճառ են դառնում հուղարկավորությունները, նաև ընդհատակյա հարսանիքները»,- նշեց վարչապետը՝ հավելելով, որ խնդիրը հնարավոր է լուծել միայն քաղաքացիների հետ զանգվածային համագործակցության արդյունքում: