Առողջապահության նախարարությունն այս ընթացքում կազմակերպել է ոչ միայն բուժօգնություն և կանխարգելիչ աշխատանքներ, այլ նաև հիվանդության մասին գիտելիքների փոխանցում՝ տեղեկացրեց փոխնախարար Լենա Նանուշյանը:
Նա ընդգծեց՝ կորոնավիրուսային հիվանդությունը նոր է, ու դեռևս շատ անորոշություններ կան դրա տարածման, կանխարգելման ու բուժման առումով։
«Հիվանդության մասին սովորել ենք միմյանցից, մեր բուժաշխատողներից, մեր փորձագետներից, սովորել ենք այլ երկրների մեր միջազգային գործընկերներից, թե ինչպես արդյունավետ կառավարել համաճարակը։ Բավականին երկար ճանապարհ անցել ենք և դեռ անցնելու ենք։ Քաղած դասերի հիման վրա փորձում ենք ընդունել որոշակի մարտավարություններ և ավելի արդյունավետ դարձնել այս վարակին հակազդումը»,- ասաց փոխնախարարը։
Նանուշյանը նշեց, որ տարածման այս փուլում, երբ ամբողջ հանրապետությունում գրանցվում են ոչ թե մի քանի, այլ հարյուրավոր դեպքեր, շատ կարևոր է, որ յուրաքանչյուրս կրենք դիմակ և նույնը պահանջենք դիմացինից։